AM
2 Հոկտեմբեր 2025 - 12:40 AMT

Թորոսյան․ Մինչև 6000 դրամ հետվճարը մտադիր ենք հասցնել 10,000–ի՝ անկանխիկ վճարումների դեպքում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը ճեպազրույցում ներկայացրել է թոշակառուներին հետվճարային համակարգում կատարվելիք փոփոխությունները, որը դեռ չեն ներկայացրել գործադիրին, բայց, ըստ նրա, քաղաքական որոշումը կայացված է։

«Մենք 12% սահմանաչափը բարձրացնում ենք մինչև 20%-ի, և առավելագույն թիվը՝ մինչև 10 հազար դրամի»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։

Նրա խոսքով 50 հազար դրամ կենսաթոշակ ստացողը եթե ամբողջն անկանխիկ գնում կատարի, ապա կարող է կենսաթոշակը դարձնել 60 հազար դրամ։

Լրագրողի դիտարկմանը, թե գյուղեր կան, որ անկանխիկ վճարելու համար հնարավորություն չկա, իսկ նախարարը հայտարարում է, թե բոլոր թոշակառուների թոշակներն են հետվճարով բարձրացնում։

Թորոսյանը հակադարձել է, որ նման գյուղերը քիչ են, բայց և ստիպված արձանագրել է, որ այս պահին 500 հազար թոշակառուից 350 հազարն է, որ օգտվում է ծրագրից։

«Այժմ կա հետվճարի գործող համակարգ բոլոր կենսաթոշակներից և նպաստներից, որը սահմանափակված է 12%-ով, բայց ոչ ավել, քան 6000 դրամը, և կախված նպաստի կամ կենսաթոշակի չափից, այդ սահմանաչափերը կարող են ստանալ»,-ասել է նա։

Թորոսյանը հավելել է, որ սա պետություն-քաղաքացի երկկողմանի շահավետ ծրագիր է, որովհետև մեր քաղաքացիները նույնպես պետք է շահագրգռված լինեն, որպեսզի հարկեր վճարվեն պետական բյուջե, որովհետև իրենց կենսաթոշակները և նպաստները վճարվում են հարկային եկամուտներից, որոնք գնում են պետական բյուջե:

«Սա հաղթանակ-հաղթանակ տարբերակ է, մենք չենք վարանում սրա մասին հիշեցնել, բացատրել, և ընդհանրապես մեր՝ հարկեր վճարելու կարգապահությունը փորձում ենք սրանով ուղղել»,-հայտարարել է Թորոսյանը:

Ըստ գործող կարգի, անկանխիկ վճարումներ կատարող թոշակառուները մինչև 6000 դրամ հետվճար են ստանում։ Ընդ որում կոմունալ վճարումները չեն հաշվարկվում տվյալ դեպքում։