«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի մեկնման սրահում գործող «Պասկուչի» հանրային սննդի կետում հայտնաբերվել է սպառման ժամկետը լրացած մթերք, հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
Տեսչական մարմնի տեսուչները գործողություններ են իրականացրել՝ հիմք ընդունելով քաղաքացու կողմից ներկայացված ահազանգը։
«Իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամկետանց են եղել «Աթենք» արտադրատեսակի կիսաապխտած մսային արտադրանքը (արտադրված 03․09․2025թ․, պիտանի է 17․09․2025թ․), տոստի հացը (արտադրված 27․09․2025 թ․, պիտանի է 30․09․2025թ․), պաստերիզացված կաթը (արտադրված 03․09․2025թ․, պիտանի է 30․09․2025թ․)»,– ասված է հաղորդագրությունում։
Հայտնաբերված ժամկետանց սննդամթերքի իրացումը կասեցվել է, դրանք տեղում ոչնչացվել են:






