AM
3 Հոկտեմբեր 2025 - 10:09 AMT

Monumentwatch. «Արևմտյան Ադրբեջան» արտահայտությունը Բաքվի խոսույթում օգտագործվում է ՀՀ տարածքը ներկայացնելու համար

Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնողmonumentwatch.orgկայքն անդրադարձել է Նյուրնբերգում ներկայացված «Արևմտյան Ադրբեջանի արհեստագործություն» նախագծին՝ նշելով, որ «Արևմտյան Ադրբեջան» արտահայտությունը Բաքվի խոսույթում օգտագործվում է ՀՀ տարածքը ներկայացնելու համար։

Նշվում է, որ նախագծի անվանումն արդեն իսկ քաղաքական իմաստ է պարունակում։

Սեպտեմբերի 24-ից ադրբեջանական մեդիայում տարածվել է տեղեկատվություն նախագծի ավարտի մասին, որն անցկացվել է «Կիրառական արվեստի նմուշների պահպանման և տարածման աջակցություն» հասարակական միավորման կողմից։ Նախագիծը կայացել է Նյուրնբերգի «Թուրքական պատմության և մշակույթների» թանգարանում՝ նպատակ ունենալով եվրոպացիներին ներկայացնել ադրբեջանական մշակույթը։

Հինգ օր շարունակ Նյուրնբերգում անցկացվել են ցուցահանդեսներ, արվեստի երեկոներ և քննարկումներ «Օբյեկտիվ» մշակույթի կենտրոնում, Թուրքական թատրոնում և «Մեդինա» միավորումում։

«Նման միջոցառումներն արտացոլում են Ադրբեջանի քաղաքականության փորձերը միջազգային հարթակներում վերաշարադրել տարածաշրջանի պատմական հիշողությունը՝ այն կապելով բացառապես ադրբեջանական կամ թյուրքական ինքնության հետ։

Նախագծի անվանման ձևակերպումը ինքնին քաղաքական բնույթ ունի։ «Արևմտյան Ադրբեջան» արտահայտությունը պաշտոնական Բաքվի խոսույթում օգտագործվում է Հայաստանի տարածքը ներկայացնելու համար՝ այն դիտարկելով իբր «պատմական ադրբեջանական հող»։ Հետևաբար, այս նախագիծը չի սահմանափակվում արվեստի տարածմամբ․ այն իր մեջ ներառում է տարածքային պահանջատիրության գաղափարական տարր, որով Ադրբեջանի իշխանությունները փորձում են ձևավորել նոր մշակութային նարատիվ, իսկ նախագծի անցկացումը Գերմանիայում՝ եվրոպական լսարանի առջև, նպատակ ունի արտաքին քաղաքական մակարդակում ամրապնդել այս նարատիվը։

Այստեղ մշակույթը օգտագործվում է որպես փափուկ ուժ․ միջազգային հարթակներում իրականացվող նախագծերով Ադրբեջանը փորձում է միջազգային հանրությանը համոզել, որ իր ներկայացրած պատմական պատկերը բնական և օրինական է։

Նկատելի է, որ նմանատիպ նախաձեռնություններում ադրբեջանական կողմը հրավիրում է մի անձի, ում ներկայացնում է որպես Երևանի վերջին խանի ժառանգ: Այս անձը՝ Ամիր Ալի Սարդարի Իրավանը, ըստ ադրբեջանական կողմի խորհրդանշական անձ է՝ որպես հիշեցում Ադրբեջանի պատմական տարածքների և մշակութային ժառանգության շարունակականության մասին։ Նրա մասնակցությունը միջոցառմանը հավելյալ ուշադրություն է հրավիրում այն գաղափարի վրա, որ կիրառական արվեստը ոչ միայն գեղարվեստական արտահայտություն է, այլև ազգային հիշողության և ինքնության պահպանման միջոց։

Նախագիծը ֆինանսավորվել է Ադրբեջանի ոչ կառավարական կազմակերպություններին պետական աջակցության գործակալության կողմից։ Այս նախաձեռնությունը կարելի է դիտարկել որպես Ադրբեջանի մշակութային դիվանագիտության գործիք, որը օգտագործում է մշակույթը որպես փափուկ ուժ։

Այսպիսով, Նյուրնբերգում անցկացված «Արևմտյան ադրբեջանական արհեստագործություն» նախագիծը ոչ թե մշակութային նախաձեռնություն է, այլ Ադրբեջանի մշակութային քաղաքականության շարունակություն՝ ուղղված պատմական հիշողության վերաշարադրմանը և հայկական մշակութային ժառանգության մերժմանը»,–ասվում է հրապարակման մեջ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Բաքվից հնչող խոսույթին, հայտարարել էր, որ չկա և չի կարող լինել «Արևմտյան Ադրբեջան» ՀՀ ինքնիշխան տարածքում: Նա հավելել է, որ դրա քննարկումը Երևանի համար բացառված է, ինչն ըստ վարչապետի՝ իրավաչափ դիրքորոշում է։