AM
3 Հոկտեմբեր 2025 - 10:38 AMT

Փաշինյան․ Զարմանքով նշեցինք, որ ՀՀ–ում քարի դեֆիցիտ կա, տուֆին մեր հարգանքը նորմալ չենք էլ մատուցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ծաղկաձորում մեկնարկած հանքարդյունաբերական ֆորումի ժամանակ, անդրադառնալով ոլորտի խնդիրներին, ասել է, որ հանքարդյունաբերություն ասելով՝ հիմնականում հասկանում ենք մետաղական հանքերի շահագործումը, որովհետև ոլորտի 95 տոկոսը վերաբերում է հենց մետաղական հանքերին, բայց լրջագույն խնդիրների ենք բախվում հատկապես ոչ մետաղական հանքերի շահագործման ոլորտում։

«Երբ Հայաստանում շինարարության տեմպերն ակտիվացան, մենք զարմանքով արձանագրեցինք, որ Հայաստանում քարի դեֆիցիտ կա այն դեպքում, երբ Հայաստանի մասին խոսելիս ամեն երրորդ նախադասության մեջ ասում ենք՝ քարերի երկիր Հայաստանը։

Բայց հետո պարզվեց, որ մենք մեր համայնքներում սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու համար քար ենք ներկրում Հայաստան։ Սա ցույց է տալիս, որ մենք խնդիրներ ունենք։ Հանքարդյունաբերության մեջ մետաղական հանքերի շահագործման 95 տոկոսը՝ ավելացված արժեքի, կշռի մասով գուցե ինչ-որ տեղ հասկանալի է, բայց ես կարծում եմ, որ մասնավորապես քարի մշակման և արդյունահանման ոլորտում անելիքներ ունենք, որովհետև դա առաջին հերթին մեր տնտեսության պոտենցիալն է, երկրորդը՝ մեր երկրի կոլորիտը մեր երկրում ներկայացնելու հնարավորությունն է, ինչը մենք այդքան էլ լավ չենք անում»,- ասել է նա, հայտնում է 1lurer.am-ը։

Փաշինյանը անդրադարձել է նաև Չինաստան կատարած իր այցի ընթացքում ստացած տպավորություններին՝ նշելով, որ իրեն հատկապես զարմացրել է այն փաստը, որ Չինաստանում տարածված պրակտիկա է՝ տեղական քարերից պատրաստված հուշարձանների կառուցումը, որոնք յուրահատուկ տեսք ու ոճ են հաղորդում բնակավայրերին։

«Հայաստանի 60 տոկոսը երևի տուֆից է պատրաստված, բայց մենք տուֆին մեր հարգանքի տուրքը նորմալ չենք էլ մատուցում և տուֆի արձան կամ մոնումենտ չունենք նույնիսկ: Որոշել ենք, որ առաջիկայում Արթիկ համայնքի հետ այս բացը կլրացնենք։ Նախ սա բնության հետ հաղորդակցվելու շատ կարևոր ձև է, նաև մեր խոսույթներն իրականության հետ համապատասխանեցնելու կարևոր ձև է։ Էլ չեմ ասում, որ շինարարության ոլորտում քարի ներկրումը շատ տարածված երևույթ է։

Ես չեմ ասում, որ Հայաստան քար չպետք է ներկրվի, որովհետև տարբեր պահանջներ կան, ես խոսում եմ այն մասին, որ այն, ինչ մենք ակնհայտորեն նկատի ենք ունեցել, որ պետք է Հայաստանի տնտեսությունը զարգանա բյուջեի ներդրումներով, հետո ենք պարզել, որ դա իրականում ներմուծման վրա է օգտագործվում»,- ասել է նա։

Այս համատեքստում վարչապետը կարևորել է նաև ոլորտում թափանցիկության բարձրացման և մասնագիտական մոտեցման ամրապնդման անհրաժեշտությունը։ Նրա խոսքով՝ ոլորտում առկա հիմնախնդիրների պատճառներից են ոչ բավարար թափանցիկությունը և գիտելիքի ու մասնագիտական կարողությունների վրա ներդրումների պակասը։ Փաշինյանը շեշտել է, որ այս հանգամանքներն առաջնահերթ ուշադրության կարիք ունեն։