AM
3 Հոկտեմբեր 2025 - 12:24 AMT

ՀԷՑ վերահսկողական կոմիտեն. Ծիծաղելի են հավելագրման մասին ամպագոռգոռ հայտարարությունները

«ՀԷՑ»-ի վերահսկողական կոմիտեն, արձագանքելով Ռոմանոս Պետրոսյանի հայտարարությանը, նշել է, որ 2025 թվականին՝ մինչև ժամանակավոր կառավարչի նշանակումը, «ՀԷՑ» ՓԲԸ մասնաճյուղերում Դավիթ Ղազինյանի աշխատանքի արդյունքում հայտնաբերվել է սխալ հաշվառման կամ հավելագրման ընդհանուր առմամբ 95,457 կՎտ*ժ-ի անհապատասախանություն, որի համար ընկերության 51 աշխատակից ենթարկվել է պատասխանատվության կամ ազատվել աշխատանքից:

«Ծիծաղելի են հնչում 8000 կՎտ*ժ-ի հավելագրման մասին ամպագոռգոռ հայտարարությունները ՔՊ-ականների կողմից»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Պետրոսյանը «Զուտ փաստեր» խորագրով գրառման մեջ նշել էր, որ վերջին օրերին ՀԷՑ մասնաճյուղերի որոշ տեղամասերում թիրախային ստուգումների արդյունքում հայտնաբերված հավելագրումները հիմնականում իրականացվել են բյուջետային հիմնարկների հաշվին։

Նրա խոսքով՝ պարզվել է, որ ՀԷՑ-ի որոշ ստորաբաժանումների աշխատակիցներ շուրջ 8.320 կՎտ/ժամ հավելագրումներ են արել նույնիսկ Հայաստանի Հանրապետությունում տեղակայված թիվ N զորամասի հաշվին։

2025 թվականի հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրային պալատի հրատապ արբիտրաժը որոշում է կայացրել՝ պարտավորեցնելով ՀՀ-ին չկիրառել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ վերջերս ընդունված «էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքներով սահմանված դրույթները, ինչպես նաև դադարեցնել ՀԷՑ-ի հնարավոր բռնագրավման հետագա քայլերը։

ՀՀ կառավարությունն արձագանքել է ՀԷՑ–ի հարցով Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի հուլիսի 22-ի վճռին։ Նշվում է, որ «վեճի շրջանակն այլ է, քան ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշման նպատակները»։ Նշվում է, որ հարգելով վճիռը, միևնույն ժամանակ բոլորը պարտավոր են առաջնորդվել նաև ՀՀ օրենսդրությամբ։