Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլինը հանքարդյունաբերության ֆորումում հայտարարել է, որ Հայաստանի հանքային պաշարները սպառվելու վտանգի առաջ են կանգնած։
«Ինձ որպես ամենախոշոր ներդրողի, որպես հանքարդյունաբերական հսկայի ղեկավարի անհանգստացնում է ՀՀ հանքարդյունաբերական պաշարները։ Գիտեք 2038 թվականին շատ քիչ հանքարդյունաբերողներ կմնան, մնացածը կավարտեն իրենց աշխատանքը, եթե այս ուղղությամբ որևէ քայլ չկատարվի։ Վերջին 10 տարվա ընթացքում որևէ նոր պաշար չի հայտնաբերվել Հայաստանում։ Դա շատ լուրջ մարտահրավեր է»,– ընդգծել է նա, հայտնում է Sputnik Արմենիան։
Խուդոլինի խոսքով՝ ոլորտի ընկերությունները պետք է կառավարության հետ համատեղ ձևավորեն նոր մոտեցումներ և կառուցեն փոխադարձ վստահության վրա հիմնված համագործակցություն։ Նա հավելել է, որ ԶՊՄԿ-ն այժմ ինքնուրույն իրականացնում է երկրաբանական հետազոտություններ՝ սեփական ծրագրերի ու լոկացիաների մասշտաբով։
«Նաև ասեմ ձեզ, որ որևէ ընկերություն չի կարող անել որոնողահետազոտական աշխատանքներ։ Ահա թե ինչու պետք է երկրում լինի պետական ուժեղ ռազմավարություն և քաղաքականություն»,– նշել է ԶՊՄԿ գլխավոր տնօրենը։
Ֆորումում հանդես է եկել նաև «Լիդիան Արմենիայի» գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը՝ առաջարկելով հանքարդյունահանման այլ մոդել։
«Միգուցե պետք է, որ հենց այսօր յուրաքանչյուրս մեր ունեցած հանքային ռուսուրսներn ավելացնենք, քանի որ 2038 թվականին անհայտ է, թե տեխնոլոգիաների զարգացման դեպքում որքան պետքական կլինեն նույն պղինձը կամ ոսկին։ Եթե, օրինակ` ԶՊՄԿ–ն պլան ունի տարեկան մինչև 40 մլն տոննայի արդյունահանում անելու, թող հենց հիմա դա անի, հիմա շահագործի հանքավայրերը, այլ ոչ թե թողնի 20–30 տարի հետո»,– հայտարարել է նա։
Ալոյանի համոզմամբ՝ ոսկու բարձր գները ստիպում են արագացնել ծրագրերը․ այդ թվում՝ օր առաջ սկսել Ամուլսարի շահագործումը։ Նա հավելել է, որ նախ պետք է ընդլայնել արդյունահանման ծավալները, և միայն դրանից հետո անցնել նոր երկրաբանահետազոտական աշխատանքներին։






