AM
6 Հոկտեմբեր 2025 - 13:52 AMT

Ոլորտի զարգացումն ու ներդրումների ներգրավման անհրաժեշտությունը` Հանքարդյունաբերական II միջազգային ֆորումի առանցքում

Հոկտեմբերի 3–ին և 4-ին Ծաղկաձորում անցկացվել է Հայաստանի Հանքարդյունաբերական երկրորդ միջազգային ֆորումը, որի նպատակն էր մեկ հարթակում համախմբել տեղական և միջազգային մասնագետների, պետական մարմինների ներկայացուցիչների, ներդրողների և փորձագետների՝ քննարկելու հանքարդյունաբերության զարգացման հեռանկարները, ներդրումային միջավայրը և կայուն զարգացման գլոբալ միտումները։

Ֆորումի գլխավոր հովանավորներն էին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը և Լիդիան Արմենիա ընկերությունը, ֆորումի հովանավորն էր Ամերիաբանկը:

«Հանքարդյունաբերական ոլորտը Հայաստանի տնտեսության համար ավանդաբար եղել է առանցքային ոլորտներից մեկը: Վերջին 10 տարիներին լինելով Հայաստանի խոշորագույն վարկատուն` Ամերիաբանկը հանքարդյունաբերությունը դիտարկել է որպես ֆինանսավորման առաջնահերթ ուղղություն: Այս պահին հանքարդյունաբերական ընկերություններին տրամադրել ենք շուրջ 350 մլն դոլարի վարկ, և հանքարդյունաբերական ծրագրերի դրական զարգացումների դեպքում պլանավորում ենք այն հասցնել մինչև մոտ կես միլիարդ դոլարի»,- նշել է Ամերիաբանկի Կորպորատիվ բանկինգի տնօրեն Գագիկ Սահակյանը:

Միջոցառմանը մասնակցել են միջազգային և տեղական ավելի քան քառասուն բանախոսներ, ՀՀ կառավարության և խորհրդարանի ներկայացուցիչներ, ինչպես նաև Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի անդամ կազմակերպությունների ղեկավարներ։

«Ոչ մի այլ ոլորտ չի առաջարկում նույնչափ մեծ հնարավորություններ, որքան հանքարդյունաբերությունը։ Պատասխանատու կառավարման արդյունքում այն կարող է դառնալ աճի և սոցիալական զարգացման հզոր շարժիչ ուժ՝ Հայաստանը վերածելով ծաղկող տնտեսության։ Մեզ անհրաժեշտ է արդյունաբերություն, որը ոչ միայն տնտեսապես կենսունակ է, այլ նաև ժամանակակից, անվտանգ, պատասխանատու և ներառական»,- նշել է Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի նախագահ, ֆորումի գլխավոր հովանավոր, ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը:

Ֆորումի մյուս գլխավոր հովանավոր` Լիդիան Արմենիա ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանն էլ նշել է. «Այսօր աշխարհաքաղաքական փոփոխությունների և գլոբալ տնտեսական միտումների պայմաններում հանքարդյունաբերության հետագա զարգացումը և ոլորտում որակյալ ներդրումների ներգրավումը ռազմավարական նշանակություն ունեն մեր երկրի ապագայի համար: Այս առումով Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումը կարևոր հարթակ է տրամադրում ոլորտի ապագայի շուրջ մասնագիտական երկխոսություն ծավալելու և զարգացման հնարավորությունները նախանշելու համար: Որպես Ֆորումի գլխավոր հովանավոր հպարտ ենք մեր ներդրումն ունենալ այս երկխոսության կայացման մեջ»:

Երկօրյա ֆորումի միջազգային խոսնակներն ու ոլորտի հեղինակավոր փորձագետները ներկայացնում էին 8 երկիր: Հոկտեմբերի 3-ին ֆորումի բացմանը մասնակցել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան։