AM
7 Հոկտեմբեր 2025 - 07:20 AMT

Մեղադրողը 7 տարվա ազատազրկում է պահանջել Միրզոյանի բռնության գործով մեղադրյալի համար

Հոկտեմբերի 6–ին կայացած դատական նիստում հանրային մեղադրողը և ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի ներկայացուցիչները միջնորդել են Թորգոմ Ասատրյանին դատապարտել 7 տարվաազատազրկման՝ Միրզոյանի նկատմամբ բռնության գործով:

Ըստ դատարանին ներկայացված գործի նյութերի՝ Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել 2020 թվականի նոյեմբերի 9-ին Արարատ Միրզոյանի սպանության փորձ կատարելու համար։ Սակայն դատարանը այդ մեղադրանքը վերաորակել է՝ ավելի մեղմ հոդվածով, մասնավորապես՝ նախկին Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով, հայտնում է Factor.am-ը։

Այդ հոդվածը նախատեսում է պատիժ զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը։

Հոկտեմբերի 6–ին լրացուցիչ դատալսումներ էին, որոնց շրջանակում, ի թիվս այլ հարցերի, քննարկման առարկա պետք է դառնա նաև մեղադրյալի նկատմամբ պատիժ նշանակելու հարցը։

2020 նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը՝ պատերազմը դադարեցնելու մասին Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ ձեռք բերված հրադադարի վերաբերյալ հայտարարությունը զանգվածային լրատվության միջոցներում հրապարակվելուց հետո, Հայաստանի Հանրապետության տարμեր տարածքներում, հատկապես՝ մայրաքաղաք Երեւանում գտնվող ՀՀ կառավարության, Ազգային ժողովի շենքերում եւ պետական նշանակության այլ օբյեկտներում զանգվածային անկարգություններ եղան:

Բացի այդ, նույն օրը Երեւան քաղաքում ծեծի ենթարկվեց ՀՀ ազգային ժողովի նախկին նախագահ, արտաքին գործերի ներկայիս նախարար Արարատ Միրզոյանը: