Մեկ ամսով կալանավորված անհետ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանի փաստաբան Տաթևիկ Սողոյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով տարածված տեսանյութին, տեղեկացրել է, որ նրա ձեռքին եղել է ձեռնափայտ, ոչ թե մետաղական ձող:
«Իշխանական լրատվամիջոցները, հավատարիմ մրջյուններից փիղ պատկերելու գործելակերպին (մանավանդ երբ որ դա իրենց է շահեկան), տարածում են նախաքննական գաղտնիքից «արտահոսած» տեսանյութ` հենաշարժողական խնդրով մարդուն հատկացված ձեռնափայտը ներկայացնելով որպես մետաղական ձող և (կամ) մահակ», – ասվում է գրառման մեջ։
Նա նաև հրապարակել է Ղուկասյանին ձեռնափայտ ցուցված լինելու հավաստագրի լուսանկարը։

Համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես է օրերս ՊՆ շենքի մոտ ակցիայի մասնակից Արսեն Ղուկասյանը,մեքենայի բեռնախցիկից ձող հանում և մոտենում ռազմական ոստիկանության ծառայողների ուղղությամբ, հայտնում է Panorama.am-ը։
ՊՆ շենքի մոտ տեղի ունեցած միջադեպից հետո Արսեն Ղուկասյանը կալանավորվել է խուլիգանության և պաշտոնյայի աշխատանքին միջամտելու մեղադրանքով։
ՔԿ–ն հայտնել է, որ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը)»։






