Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման համար նախատեսված պետական ծրագրի շրջանակում առցանց դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է, հայտնում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։
3020 ընտանիք արդեն ստացել է համապատասխան բնակարանային հավաստագիր, որոնցից 1044-ն արդեն իրացրել են այն՝ օգտվելով ծրագրի հնարավորություններից։
«Հիշեցնենք, որ միջոցառումն իրականացվում է աջակցության հետևյալ եղանակներից որևէ մեկի ձևով՝
- բնակարանի (կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի) կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրի տրամադրում,
- անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի տրամադրում,
- գործող հիփոթեքային վարկի մարման աջակցություն։
Ծրագրի շրջանակում աջակցությունը տրվում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի՝ 3-5 մլն դրամի շրջանակում։
Դիմումներն ընդունվում են հարթակում»,- նշվում է հաղորդագրությունում:
Նախարարությունը հիշեցնում է, որ պետական աջակցության նպատակն է ապահովել տեղահանված ընտանիքների երկարաժամկետ բնակարանային կարիքների լուծումը՝ տարբեր ձևաչափերով հասանելի ֆինանսական գործիքների կիրառմամբ։
Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։ Ավելի ուշ՝ հոկտեմբերի 19-ին Արցախի նախագահը երկրորդ հրամանագիրն էր հրապարակել, որով անվավեր է ճանաչել Արցախը լուծարելու մասին տեղեկատվական շտաբում տեղ գտած տեղեկությունը։






