AM
8 Հոկտեմբեր 2025 - 13:02 AMT

Պետրոսյան․ ՀԷՑ-ի մոտ 200 մեքենա պիտանի չէ շահագործման

ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը հայտնել է, որ ընկերության տեխնիկական պարկում առկա է ավելի քան 600 ավտոտրանսպորտային և հատուկ նշանակության տեխնիկա, որոնցից մոտ 200-ը փաստացի անսարք է և չի կարող շահագործվել։ Նա այդ մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում։

Նրա խոսքով՝ այսօր ՀԷՑ-ին պատկանող նոտ երեք տասնյակ հատուկ տեխնիկա (հորատող մեքենաներ, մանիպուլյատորներ, ավտոաշտարակներ) բաշխվել է ՀԷՑ-ի 20-ից ավելի մարզային ստորաբաժանումներին՝ վթարավերականգնողական աշխատանքներն առավել արագ ու արդյունավետ կազմակերպելու նպատակով։

«Սա այն շուրջ վեց տասնյակ տեխնիկատրանսպորտային միջոցների մի մասն է, որոնք վարձակալության պայմանագրերով ՀԷՑ-ը տարիներ առաջ հանձնել էր «Տաշիր» ընկերությունների խմբին փոխկապակցված 4 կապալառու ընկերությունների, որոնք էլ ՀԷՑ-ի Ներդրումային ծրագրերով նախատեսված՝ աշխատանքներ էին իրականացնում նույն ՀԷՑ-ի համար, սակայն դրանց ընթացիկ սպասարկման եւ վերանորոգման ծախսերը թողնելով ՀԷՑ-ի վրա (նախատեսված՝ պայմանագրով)։

Ընդ որում՝ վարձակալության պայմանագրերի կնքումից ի վեր վարձակալության դիմաց՝ մինչեւ Ժամանակավոր կառավարչի նշանակումը, որեւէ վճարում վերջիններս չէին կատարել ՀԷՑ-ին։

Մեր ուսումնասիրությունների եւ իրավահարաբերությունների փոխադարձ ճշգրտումների արդյունքում պարզ դարձավ, որ վարձակալության պայմանագրերով նախատեսված՝ 60-ից ավելի տեխնիկայի վարձակալության դիմաց ՀԷՑ-ին կապալառու ընկերությունների ունեցած դեբիտորական պարտքը կազմում է ավելի քան 180 մլն ՀՀ դրամ։

Այդ պայմանագրերն օրենքով սահմանված կարգով մեր նախաձեռնությամբ շաբաթներ առաջ խզվել են, հիշյալ տեխնիկատրանսպորտային միջոցներն ամբողջովին հետ են վերադարձվել ՀԷՑ-ին (ընդ որում՝ դրանց մի զգալի մասն անսարք եւ անմխիթար վիճակում), իսկ տվյալ սուբյեկտներին ՀԷՑ-ի կողմից վճարման հաշիվներ են ներկայացվել՝ մարելու գոյացած պարտավորությունները։

Նշված գումարից այս պահին մարվել է շուրջ 60մլն ՀՀ դրամ պարտավորություն։

Նշեմ նաեւ, որ ՀԷՑ-ի կենտրոնական ավտոպարկում եւ ենթակա մասնաճյուղերի ավտոտնտեսություններում այս պահին առկա է ավելի քան 600 ավտոտրանսպորտ եւ հատուկ տեխնիկա, որոնցից սակայն շուրջ 200-ը պիտանի չեն հետագա շահագործման համար, եւ գտնվում են բացարձակ հնամաշ, անսարք եւ «փաստացի խոտանված» վիճակում. դրանք ենթակա են հետագա դուրս գրման եւ հաշվապահորեն՝ խոտանման ենթարկվելու։

ՀԷՑ-ը պետք է ծառայի մեր ժողովրդին»,–գրել է նա։

Հուլիսի 18-ին ՀԾԿՀ-ն տեղեկացրել է, որ պետական վերահսկողության ծառայությունից ազատված Ռոմանոս Պետրոսյանը դարձել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողովը նաև վարույթ է սկսել ընկերության գործունեության վերաբերյալ՝ հիմնվելով կառավարության ներկայացրած հաղորդման վրա։

2025 թվականի հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրային պալատի հրատապ արբիտրաժը որոշում է կայացրել՝ պարտավորեցնելով ՀՀ-ին չկիրառել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ վերջերս ընդունված «էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքներով սահմանված դրույթները, ինչպես նաև դադարեցնել ՀԷՑ-ի հնարավոր բռնագրավման հետագա քայլերը։