Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2025 թվականի սեպտեմբերին բենզինի գներն օգոստոսի համեմատ աճել են 4.4%-ով, իսկ դիզելային վառելիքինը՝ 3.9%-ով։
Սեպտեմբերը, համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ, արձանագրել է բենզինի 1.1% գնանկում, մինչդեռ դիզվառելիքը թանկացել է 1.5%-ով։ 2024 թվականի դեկտեմբերի համեմատ գների տարբերությունը կազմել է՝ բենզինի դեպքում՝ 0.1% գնանկում, դիզվառելիքի դեպքում՝ 3.2% աճ։
Բենզինի առուվաճառքով զբաղվող տնտեսվարողներից մեկը հայտնել է, որ այս պահին «Պրեմիում» տեսակի մեկ լիտր բենզինը վաճառվում է 520 դրամով, իսկ «Ռեգուլյար» տեսակի գինը հասել է 500 դրամի, տեղեկացնում է Factor.am-ը։
Նրա փոխանցմամբ՝ գների աճը պայմանավորված է ներկրման գնով, որը վերջին շրջանում բարձրացել է Ռուսաստանի Դաշնությունում վառելիքի դեֆիցիտի հետևանքով։
Տնտեսագետ Աղասի Թավադյանն ընդգծել է, որ դիզվառելիքի պահանջարկը ՌԴ-ում զգալիորեն մեծացել է բերքահավաքի սեզոնի պատճառով, ինչն էլ հանգեցրել է ներքին սպառման գերակշռությանը։
Բացի այդ, ըստ նրա, ուկրաինական ուժերի հարվածները ռուսական նավթային ենթակառուցվածքներին ևս որոշակի ազդեցություն են ունեցել շուկայի վրա։
«Անցյալ տարի էլ այս ժամանակ նույն վիճակն էր, բայց դեռ այս մասշտաբով նավթային հորերի վրա հարձակումներ չկար։ Բացի այդ, մոտ երեք ամիս ՌԴ-ում բենզինի արտահանման սահմանափակումներ էին գործում, որն, իհարկե, չէր տարածվում ԵՏՄ երկրների վրա, սակայն, այսպես թե այնպես այդ սահմանափակումները տարածվեցին վաճառվող բենզինի վրա, ինչպես նաև ՀՀ-ի վրա», – նշել է Թավադյանը։
Նա հավելել է, որ թեև Հայաստանում բենզինի շուկան ունի մրցակցային դաշտ և գործում են նոր մատակարարներ, սակայն Վրաստանի հետ համեմատ մեր երկրում դիզվառելիքը թանկ է մոտ 30%-ով։
Բացի այդ, ըստ տնտեսագետի, բարդություններ են ստեղծվել նաև բեռնափոխադրման և մաքսազերծման փուլում։ Նա նշել է, որ Վրաստանում վառելիք ներմուծող հայկական բեռնատարների համար առաջացել են լրացուցիչ «ոչ պաշտոնական» վճարումներ։
«Օրինակ, հեղուկ գազի ներկրման դեպքում, ըստ տարբեր խոսակցությունների, բեռնատարների բացթողնման համար կաշառք էին պահանջում։ Դա առաջացրել էր որոշակի կոռուպցիոն ռիսկեր։ Վրացական կողմն, իհարկե, սա հերքել էր, սակայն Գևորգ Պապոյանն ասել էր, որ նման խնդիր կա։ Սա բերել էր նրան, որ բենզինի գինը 10-20 դրամով թանկանում է», – նշել է նա։
Մինչդեռ ԵՏՀ խորհուրդը սեպտեմբերի 30-ին որոշում է ընդունել զրոյացնել բենզինի և դիզվառելիքի ներմուծման մաքսային տուրքերը։
Ըստ որոշման՝ մինչև 2026 թվականի հունիսի 30-ը ներառյալ զրոյացվում են շարժիչային բենզինի, ռեակտիվ վառելիքի, դիզելային վառելիքի, նավային վառելիքի և գազոյլի այլ տեսակների ներմուծման մաքսային դրույքաչափերը։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից հայտնել են, որ որոշումն շուտով կմտնի ուժի մեջ, ինչը կարող է որոշ չափով մեղմել գների աճի ազդեցությունը ներքին շուկայի վրա։






