Հայաստան-Սփյուռք երկրորդ խորհրդաժողովի եզրափակիչ
նիստում, միահամուռ ծափահարություններով ընդունվեց հռչակագիր: «Մենք` հայ ժողովրդի բոլոր հատվածների ներկայացուցիչներս, ասված է նրանում, այսօր ՀՀ մայրաքաղաք Երեւանում միասնաբար քննարկեցինք արդի
պատմական, աշխարհաքաղաքական իրողություններում հայության առջեւ
ծառացած համազգային առաջնահերթություններն ու մարտահրավերները եւ
նախանշեցինք դրանք համատեղ ջանքերով լուծելու ուղիներն ու
միջոցները»: Երկրորդ խորհրդաժողովը համարելով 1999-ին սկիզբ դրված
գործընթացի շարունակությունը, Հռչակագրում արձանագրվում է, որ անցած
ժամանակաշրջանում Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունները եւ
գործակցությունը ընթացել ու զարգացել են առաջին խորհրդաժողովի
հռչակագրի սկզբունքներին եւ ոգուն համահունչ:
Անդրադարձ կատարելով ԱՄՆ-ում սեպտեմբերի 11-ի ողբերգական
իրադարձություններից հետո աշխարհում տեղի ունեցող տեղաշարժերի ու
զարգացումների պայամաններում Հայաստանի, Արցախի եւ համայն Սփյուռքի
առջեւ ծառացած նոր մարտահրավերներին, հռչակագիրը հավաքական
միասնությամբ եւ մարդկային ու նյութական ներուժի համախմբմամբ դրանց
դիմագրավելու կոչ է անում:
Ընդունված փաստաթղթում ընդգծվում է, որ հայոց պետականության
պահպանումը, նրա ամրապնդման ու զարգացման ապահովումը աշխարհում
ապրող բոլոր հայերի սրբազան նպատակն ու պարտքն է, նրա հզորացումը
բոլորի առաքելությունն է եւ անվիճելի առաջնահերթությունը,
ամրագրելով «Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է» կարգախոսը:
Հռչակագրում շեշտվել է նաեւ երկքաղաքացիության բացառման
սահմանադրական արգելքը հաղթահարելու եւ յուրաքանչյուր հայի`
պետության կայացման, ամրապնդման եւ զարգացման գործում լիարժեք
մասնակցություն ունենալու համար հնարավորություն ընձեռելու
անհրաժեշտությունը:
Փաստաթղթում որպես մեծագույն նվաճում է հիշատակվում Արցախի
ազատագրումը, եւ այս առումով խորհրդաժողովի մասնակիցները հավաստում
են իրենց համապարփակ աջակցությունը հայ ժողովրդի հերոսական
մաքառումներով ծնված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազատ ապրելու
եւ ինքնորոշվելու արդարացի պահանջների նկատմամբ:
Խորհրդաժողովի մասնակիցները վերահաստատելով աշխարհի բոլոր
երկրներում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը հասնելու իր
վճռականությունը, հայտարարում են, որ իրենց համար հիմնարար
արժեքներ են խաղաղությունը, ժողովուրդների բարեկամությունն ու
փոխշահավետ համագործակցությունը, մարդու եւ ազգերի ազատ ապրելու ու
զարգանալու իրավունքը, խղճի եւ դավանանքի ազատությունը,
վճռականորեն դատապարտում ահաբեկչությունը` որպես
վտանգավոր չարիք մարդկության համար:
«Մենք, ասված է հռչակագրում, հանձնառու եւ հետեւողական ենք
մեր ազգային իրավունքներն ու շահերը պաշտպանելու, համերաշխությունն
ու համախմբվածությունը ամրապնդելու, մեր խնդիրները, իղձերն ու
երազները հավաքական միասնությամբ իրականացման հարցում` ի փառս հայ
ժողովրդի ապահով, անվտանգ զարգացման ու բարգավաճման»
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: