ՀՀ կառավարության հերթական նիստում, որը վարում էր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, քննարկվել է 2024 և 2025 թվականներին կարկուտից 40-100 տոկոս վնաս կրած հողօգտագործողներին մասամբ փոխհատուցում տրամադրելու հարցը։ Աջակցության ծրագիրը ընդգրկում է ութ մարզ՝ Արագածոտն, Արարատ, Արմավիր, Գեղարքունիք, Լոռի, Շիրակ, Տավուշ և Սյունիք։
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշել է, որ 2020 թվականից ի վեր գյուղատնտեսության ոլորտում փորձարկվում է ապահովագրական ծրագիր, սակայն վերջին տարիների վերլուծությունները ցույց են տվել, որ բարձր վնասաբերության պատճառով ապահովագրական կազմակերպություններն ընդհանուր առմամբ խուսափել են պայմանագրեր կնքելուց։
Գևորգ Պապոյանը տեղեկացրել է, որ այժմ գյուղատնտեսական ապահովագրության ոլորտին առնչվող իսպանական և թուրքական փորձն է ուսումնասիրվում, որոնք համարվում են եթե ոչ լավագույնը, ապա լավագույններից մեկն այս ոլորտում, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
«2025 թ. Կառավարությունն ավելի մեծ ծավալով աջակցեց ապահովագրական համակարգի գործունեությանը՝ սուբսիդավորելով ապահովագրավճարը 70-ից 80 %-ով, ինչպես նաև աջակցում է ապահովագրական ընկերություններին՝ փոխհատուցելով վնասաբերության 200 % գերազանցող մասը։ Սակայն այս պարագայում ևս ապահովագրական ընկերությունները շատ փոքր ծավալով ապահովագրություն իրականացրեցին։ Հատկանշական է նաև, որ Կառավարությունն աջակցություն է ցուցաբերում նաև կարկտապաշտպան ցանցերի ներդրմանը՝ վարկային և փոխհատուցման բաղադրիչներով, սակայն նկատելի է, որ հիմնականում ինտենսիվ այգեգործության ծրագրի շրջանակում են կիրառվում կարկտապաշտպան ցանցերը»,- ասել է նախարարը։
Գևորգ Պապոյանի խոսքով՝ հաշվի առնելով, որ ապահովագրական ընկերություններն ապահովագրական պայմանագրերի կնքման նկատմամբ զսպվածություն են դրսևորել 2024 թ.-ից, այդ իսկ պատճառով որոշմամբ առաջարկվում է և՛ 2024, և՛ 2025 թվականներին կարկուտի հետևանքով պատճառված վնասի դիմաց մասնակի փոխհատուցում տրամադրել այն հողօգտագործողներին, որոնց կողմից օգտագործվող ցանքատարածություններում և այգետարածքներում կարկուտի վնասը կազմել է 40-100 տոկոս:
Ըստ նախարարի՝ փոխհատուցման չափի հաշվարկը կատարվել է մշակաբույսերի մշակության հիմնական ծախսերի հիման վրա, որպեսզի կայունացվի գյուղացիական տնտեսությունների ֆինանսական վիճակը, և ստացած միջոցների հաշվին հաջորդ գյուղատնտեսական տարում կազմակերպվի գյուղատնտեսական գործունեություն:
Էկոնոմիկայի նախարարը տեղեկացրել է, որ աջակցությունից օգտվելու համար շահառուները մինչև 2025 թ. հոկտեմբերի 31-ը դիմում են համայնքին, վերջիններս էլ մինչև նոյեմբերի 10-ը ամփոփում են ստացված դիմումները և ներկայացնում մարզային հանձնաժողովներ, որոնք 3 աշխատանքային օրվա ընթացքում քննարկում են ներկայացված ակտերն ու հիմնավորումները, ներկայացնում հանրապետական հանձնաժողովի հաստատմանը:






