AM
9 Հոկտեմբեր 2025 - 13:01 AMT

Խաղող մթերողներին կտրամադրվի մինչև 50%-ի չափով բյուջետային երաշխիք

Կառավարությունը հաստատել է որոշման նախագիծ, որով կբարելավվեն խաղողի մթերումների նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման պայմանները: Խաղող մթերողներին կտրամադրվի մինչև 50%-ի չափով բյուջետային երաշխիք:

Ինչպես նշել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, նախագիծը մշակվել է խաղողի մթերումներ իրականացնող կազմակերպությունների առաջարկությունների հիման վրա: Վերջիններս բախվել են վարկային սակավ հնարավորությունների՝ շրջանառու միջոցների պակասի, վարկային ծանրաբեռնվածության և գրավի սահմանափակության պատճառով։

Նրա խոսքով, նախագծով առաջարկվում է խաղողի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի գծով տնտեսավարողների մոտ ապահովման միջոցի ոչ բավարար մակարդակի դեպքում կառավարության կողմից 2025 թ. սեպտեմբերի 1-ից մինչև 2025 թ. դեկտեմբերի 30-ը տրամադրել մինչև 50%-ի չափով բյուջետային երաշխիք, բայց ոչ ավելի, քան 2024 թ. արտահանված արտադրանքի արժեքը:

Առաջարկվում է սահմանել բյուջետային երաշխիքների տրամադրման կարգը՝ ըստ որի երաշխիքները կտրամադրվեն առանց լրացուցիչ գրավի, առավելագույնը մինչև 27 ամիս մարման ժամկետով։ Նախատեսվում է նաև, որ շահառուի կատարած մարումները առաջնահերթ ուղղվելու են պետական երաշխիքներով ապահովված պարտավորությունների վճարմանը։

Պապոյանի խոսքով, խաղողի մթերումների կազմակերպման գործընթացը հեշտացնելու նպատակով խաղողագործների հետ պայմանագրերի կնքման ժամկետը ևս երկարացվել է՝ սեպտեմբերի 1-ի փոխարեն մինչև նոյեմբերի 1-ը։

«Խաղողի մթերումները սկսվել են օգոստոս ամսվա երրորդ տասնօրյակից: Մթերումներ են իրականացվել շուրջ 50 մթերման կետերում: Այսօրվա դրությամբ մթերվել է շուրջ 167 հազար տոննա խաղող նախորդ տարվա նույն օրվա 147 հազար տոննայի համեմատ, այսինքն՝ 20 հազար տոննա ավելի է մթերվել: Պլանավորվում է, որ այս տարի մինչև 200 հազար տոննա խաղող կմթերվի»,–ասել է Պապոյանը։

Փոխվարչապետը, անդրադառնալով որոշմանը, կարևորել է այս գործիքի կիրառումը՝ մթերող կազմակերպությունների համար լուծում է խաղողի մթերման համար անհրաժեշտ վարկերի ներգրավման հարցը, որովհետև Կառավարության երաշխավորությամբ բանկի համար լրացուցիչ երաշխիք է, որ այդ վարկերը կսպասարկվեն: