AM
9 Հոկտեմբեր 2025 - 14:11 AMT

ՍԱՏՄ. «Զավիկի Ղարսի» պահվածքն անպարկեշտ է՝ տնտեսվարողը սոցցանցում գրել է, թե կասեցման որոշումը «կեղծ է»

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հրապարակել է հայտարարություն, համաձայն որի՝ դադարեցվել է անհատ ձեռնարկատեր Սամվել Տեր-Պողոսյանին պատկանող Զավիկի Ղարսի» հանրային սննդի կետի արտադրական գործունեությունը, որը գործում է Երևանի Սարյանի 22 հասցեում։

Սակայն տնտեսավարողը ոչ միայն հրաժարվել է առձեռն ստանալ կասեցման որոշումն ու կատարել դրա պահանջը, այլև սոցիալական ցանցերի էջերով հրապարակել է հանրությանը ապակողմնորոշող տեղեկատվություն՝ նշելով, թե ՍԱՏՄ պաշտոնական տեղեկատվությունը «կեղծ» է:

«Տեղեկացնում ենք, որ, տնտեսավարողը ոչ միայն հրաժարվել է առձեռն ստանալ կասեցման որոշումն ու կատարել դրա պահանջը, այլև սոցիալական ցանցերի էջերով հրապարակել է հանրությանը ապակողմնորոշող տեղեկատվություն՝ նշելով, թե ՍԱՏՄ պաշտոնական տեղեկատվությունը «կեղծ» է: Տնտեսավարողի պահվածքը նվազագույնն անպարկեշտ է, քանի որ Տեսչական մարմնի պաշտոնական էջում հրապարակվում է միմիայն որոշմամբ հաստատված տեղեկատվություն: Հիշեցնենք. որ լաբորատոր փորձաքննության արդյունքներով՝ «ԶԱՎԻԿԻ ՂԱՐՍ» հանրային սննդի օբյեկտում արտադրվող «հացով բրդուճ շաուրմայի խոզ+հավ» արտադրատեսակի նմուշը՝ ՄԱՖԱնՄՔ (մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ), ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), E.coli, S.aureus, ախտածին ա/թ սալմոնելաներ, իսկ «մայոնեզ» արտադրատեսակի նմուշը ՄԱՖԱնՄՔ, ԱՑԽՄ, S.aureus, ախտածին ա/թ սալմոնելաներ ցուցանիշներով չեն համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին»,-ասվում է ՍԱՏՄ հաղորդագրության մեջ։

Տեսչական մարմինը ընդգծել է նաև, որ նման տեղեկատվության հրապարակումն ունի օրենքով սահմանված կարևորություն։ Ըստ ՀՀ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 7-րդ հոդվածի՝ տեղեկատվություն տնօրինողը պարտավոր է անհապաղ հրապարակել այն տվյալները, որոնց մատչելիությունն ուղղակի առնչվում է հանրային առողջության, հասարակական կարգի, շրջակա միջավայրի և քաղաքացիների սեփականության պաշտպանության հետ։