«Տաթևեր» ճոպանուղին նշում է ստեղծման 15-ամյակը և հոբելյանի նախաշեմին հերթական անգամ ներկայացվել է World Travel Awards 2025 միջազգային հեղինակավոր մրցանակի՝ «Աշխարհի լավագույն ճոպանուղի» անվանակարգում:
«ՏաԹևերն» ճոպանուղին արդեն հաղթող է ճանաչվել 2021, 2023 և 2024 թվականներին։ Այս անգամ մրցակիցների թվում են Բոլիվիայի, Բրազիլիայի, Կանադայի, Նոր Զելանդիայի, ԱՄՆ-ի և ՀԱՀ-ի հայտնի ճոպանուղիները։
Այս նախագիծը, որ կյանքի է կոչվել Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությամբ, վճռորոշ ազդեցություն է ունեցել Սյունիքի մարզի, իսկ ընդհանրապես՝ Հայաստանի զբոսաշրջային ներուժի զարգացման վրա՝ բերելով մեր երկրին արդեն երեք միջազգային մրցանակ։
«Մեր բոլոր ծրագրերի նպատակն այն է, որ Հայաստանը հայտնվի աշխարհի քարտեզի վրա և հետաքրքիր դառնա թե՛ հայաստանցիների, թե՛ սփյուռքահայերի, ու թե՛ օտարերկրացիների համար: Ամենադժվարը մարդկանց համոզելն է, որ նման ծրագրերը կարող են խթանի դեր խաղալ և իրապես փոխել իրավիճակը երկրում»,-ժամանակին ասել է Վարդանյանը։
15 տարիների ընթացքում «ՏաԹևերից» օգտվել է մոտ 1.5 միլիոն մարդ։ Այսօր Հայաստան այցելող յուրաքանչյուր հինգերորդ զբոսաշրջիկ այցելում է Սյունիք, որտեղ զբոսաշրջային հոսքն աճել է 17 անգամ, իսկ ներդրումների ծավալը՝ 11 անգամ։
Զբոսաշրջային աշխուժացումը նպաստել է նաև տեղական հյուրընկալության ոլորտի զարգացմանը․ միայն Տաթևում, Գորիսում և հարակից համայնքներում բացվել է մոտ 40 նոր հյուրատուն։ Տաթևը վերածվել է մշակութային միջոցառումների և փառատոների կազմակերպման կենտրոններից մեկի։
Հայաստանում բնակվող քաղաքացիներն ու ճոպանուղու արտասահմանցի այցելուները կարող են քվեարկությամբ աջակցել «ՏաԹևերին»՝ կատարելով հետևյալ քայլերը՝
- մուտք գործել մրցանակաբաշխության պաշտոնական կայք,
- գրանցվել էլ. փոստի միջոցով,
- հաստատել էլ. նամակով ստացված հղումը,
- սեղմել «Start Voting»,
- ընտրել «World» բաժինը,
- բացել 64-րդ դիրքը՝ «World’s Leading Cable Car Ride 2025»,
- քվեարկել «Wings of Tatev, Armenia»-ի օգտին։
Քվեարկության գործընթացը հասանելի կլինի մինչև 2025 թվականի հոկտեմբերի 26-ը։






