Պետական եկամուտների կոմիտեն հսկողական աշխատանքներ է իրականացրել ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքերի բացահայտման ուղղությամբ։Ինչպես հայտնել են կոմիտեից, «Էվրիկա» սուպերմարկետների ցանցը տուգանվել է 40 մլն դրամով։Այս սուպերմարկետը մշտապես աչքի է ընկել ՀԴՄ չտրամադրելու իր պրակտիկայով, հայտնում է Panorama.am-ը։
ՀԴՄ չտրամադրելու համար հաջորդ խոշոր չափով տուգանվածը «Գազ Պրոպան» ընկերությունն է։ ՊԵԿ-ն այս տնտեսվարողին տուգանել է 14 մլն 196 հազար դրամով։ 10-ական մլն դրամով տուգանվել են նաև «Սի Փի Էս էներջի գրուպ» ու «Ֆլեշ» ընկերությունները։
«Կոմիտեն հորդորում է հարկ վճարողներին գործել օրենքի դաշտում՝ նպաստելով վստահելի բիզնեսի իր վարկանիշի պահպանմանը։ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ խոշոր հարկ վճարողների հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակում, 2025 թվականի հուլիսի 1-ից սեպտեմբերի 30-ը ներառյալ, հարկ վճարողների մոտ արձանագրվել են աշխատողի չձևակերպման և ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր:
Մասնավորապես, 13 խոշոր հարկ վճարողների մոտ արձանագրվել են 136 չգրանցված աշխատող և առաջադրվել է 34 մլն դրամ տուգանք, իսկ 24 խոշոր հարկ վճարողների մոտ արձանագրվել է ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտում և առաջադրվել է շուրջ 128,2 մլն դրամ տուգանք»,-նշել են ՊԵԿ-ից։
Պետական եկամուտների կոմիտեն 8 մլն դրամի վարչական տուգանք է սահմանել «Հայր և որդի Երեմյաններ» ընկերության նկատմամբ՝ մի շարք աշխատողների չգրանցելու և այդ կերպ հարկերից խուսափելու պատճառով։
Ընկերությունն ունի ռեստորանների և արտադրական միավորների մեծ ցանց, և ՊԵԿ-ի տվյալներով՝ այն չի գրանցել ավելի քան 30 աշխատակցի։
Խոշոր հարկ վճարողների հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակում ՊԵԿ-ը նույն տեսակի խախտումներ է հայտնաբերել նաև մի շարք այլ ընկերություններում։
8 մլն դրամ տուգանվել նաև «Էլաքսի» ընկերությունը, որը, չգրանցելով 32 աշխատող, խախտել է աշխատանքային և հարկային օրենսդրության պահանջները։ Այս ընկերությունը նաև հաճախ մասնակցում է պետական գնումների մրցույթներին։
«Սմարթ Ագրո Սոլուշընս» ընկերությունը, որը ստեղծվել է 3 տարի առաջ և զբաղվում է BellyBella ապրանքանիշի պրեմիում մրգերի արտադրությամբ ու արտահանմամբ, տուգանվել է 5 մլն 250 հազար դրամով՝ չգրանցելով 21 աշխատակից։
«Զեն Նի» ընկերությունը, որի հիմնած ռեստորանը հայտնի է բարձր գներով, չգրանցելով 11 աշխատող, ենթարկվել է 2 մլն 750 հազար դրամի տուգանքի։






