AM
10 Հոկտեմբեր 2025 - 13:24 AMT

Պապոյան․ Փաշինյանը Դուշանբեում բացարձակ ճիշտ թվեր է հրապարակել

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, արձագանքելով Դուշանբեում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած առևտրաշրջանառության ցուցանիշներին, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ճիշտ թվեր են հրապարակվել։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանn ԱՊՀ գագաթնաժողովում քննարկել են երկու երկրների միջև ապրանքաշրջանառության աճը։

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է ՀՀ վիճակագրության կոմիտեի հրապարակած պաշտոնական թվերը և, հետևաբար, բացարձակ ճիշտ են»,- գրել է նա։

Նա հրապարակել է նաև վիճակագրական կոմիտեի տվյալների լուսանկարը, որտեղից պարզ է դառնում, որ խոսքը 2024-2025թթ․ հունվար-օգոստոս ամիսների ցուցանիշների մասին է։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՊՀ գագաթնաժողովում նշել է, որ ԵԱՏՄ-ին անդամակցությունը բացում է շուկաներ երկրների համար և ապահովում տնտեսական օգուտներ։ Ռուսաստանի նախագահը որպես օրինակ բերել է Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրի ծավալների աճը՝ Փաշինյանից հետաքրքրվելով առևտրաշրջանառության թվերով, հայտնում է Factor.am-ը։

«Այս տարի այն արդեն 4 միլիարդի (դոլար) է հասել»,- ասել է Փաշինյանը։

Ի պատասխան Պուտինը պնդել է, որ վարչապետը սխալվում է, թիվն ավելի մեծ է․ «Ո՛չ, ավելին է»։

Միմյանց հակասել են նաև անցյալ տարվա ցուցանիշների մսին երկրների ղեկավարների հրապարակած տեղեկությունները։

«Անցյալ տարի մոտ 9 միլիարդ (դոլար) էր»,- ասել է Փաշինյանը։

«Ավելին, անցյալ տարի էլ այն ավելի շատ էր, այս տարի էլ այն ավելի շատ կլինի։ Դա պարզապես ակնհայտ է»,- արձագանքել է Պուտինը Հայաստանի վարչապետին։

Նրանք այդպես էլ համաձայնության չեն եկել։

Ըստ ՀՀ ՎԿ-ի՝ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2025 թվականի հունվար-հունիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 45 տոկոսով՝ կազմելով 9 մլրդ 668.6 մլն դոլար, որից մոտ 3.5 միլիարդը՝ ԵԱՏՄ, 88.4 միլիոնը՝ ԱՊՀ մյուս երկրների, 1.1 միլիարդը՝ ԵՄ և մոտավորապես 4.8 միլիարդը այլ պետությունների հետ:

Նույն ժամանակաշրջանում ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի առևտուրը կրճատվել է 53.7 տոկոսով, մինչդեռ ԱՊՀ մյուս պետությունների հետ՝ ավելացել է 20.4, իսկ ԵՄ երկրների՝ 9.5 տոկոսով: Այլ երկրների հետ առևտրի ծավալը կրճատվել է 44.6 տոկոսով: