Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ) «Զավիկի Ղարս» հանրային սննդի օբյեկտի նկատմամբ կայացրել է գործունեության կասեցման որոշում՝ մանրէաբանական խախտումների հիմքով։
Կասեցման որոշումն ուղարկվել է փոստով, գործունեությունը չկասեցնելու դեպքում տնտեսավարողը կտուգանվի օրական 300- 400 հազար դրամով։ Այդ մասին հայտնել է տեսչական մարմնի խոսնակ Անուշ Հարությունյանը, տեղեկացնում է Արմենպրեսը։
«Զավիկի Ղարս»-ում ՍԱՏՄ-ն մանրէաբանական շեղումներ էր հայտնաբերել մայոնեզում և բրդուճներում։
Հարությունյանն ասել է, որ տնտեսվարողը հրաժարվել է փակել սննդի օբյեկտը՝ պատճառաբանելով՝ քանի դեռ չի ստացել որոշումը, կշարունակի աշխատել։
«Որոշումը հրաժարվել է ստանալ առձեռն, ասել է՝ թող փոստով ուղարկեն։ Այսօր փոստով իրեն կհասնի, եթե որոշումը ստանալուց հետո չկասեցնի, ապա աշխատելու ամեն օրվա համար կտուգանվի օրական 300-400 հազար դրամով»,-ասել է նա։
ՍԱՏՄ-ն հոկտեմբերի 9-ին տեղեկացրել է, որ տնտեսավարողը ոչ միայն հրաժարվել է առձեռն ստանալ կասեցման որոշումն ու կատարել դրա պահանջը, այլև սոցիալական ցանցերի էջերով հրապարակել է հանրությանը ապակողմնորոշող տեղեկատվություն՝ՍԱՏՄ պաշտոնական տեղեկատվությունը որակելով «կեղծ»:
ՍԱՏՄ-ն սպառողներին կրկին զգուշացրել է, որ «Զավիկի ղարս»-ում վաճառվում է վտանգավոր սննդամթերք։
ՍԱՏՄ-ից հոկտեմբերի 8-ին հայտնել էին, որ ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «հացով բրդուճ շաուրմայի խոզ+հավ» արտադրատեսակի նմուշը՝ ՄԱՖԱնՄՔ (մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ), ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), E.coli, S.aureus, ախտածին ա/թ սալմոնելաներ, «մայոնեզ» արտադրատեսակի նմուշը ՄԱՖԱնՄՔ, ԱՑԽՄ, S.aureus, ախտածին ա/թ սալմոնելաներ ցուցանիշներով չեն համապատասխանել կանոնակարգերով սահմանված պահանջներին։
ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը։






