AM
11 Հոկտեմբեր 2025 - 07:16 AMT

Պապոյանն Ամուլսարում ծանոթացել է տարվող աշխատանքներին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 10-ին այցելել է Ամուլսար՝ տեղում գնահատելու «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից իրականացվող հանքարդյունաբերական ծրագիրը։

Նախարարի այցին միացել են Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանը, նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը և ՀՀ կառավարության ներկայացուցիչ Գնել Սանոսյանը, ով հանդիսանում է «Լիդիան Արմենիա» ընկերության տնօրենների խորհրդի անդամ։

«Լիդիան Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի ուղեկցությամբ Պապոյանը շրջել է 960 աշխատակցի համար նախատեսված բնակավանում, ուսումնասիրել կեցության պայմանները։ Ըստ ներկայացված տվյալների՝ ընդհանուր ներդրումների ծավալը հասնելու է 750 միլիոն դոլարի, որոնցից 250 միլիոնը կուղղվի շինարարության ավարտին և հանքի գործարկմանը։

«Ամուլսարի ծրագիրը մեր երկրի ամենամեծ ներդրումային նախաձեռնություններից է․ այն միաժամանակ խթանում է արդյունաբերության զարգացումը, ստեղծում նոր աշխատատեղեր և ապահովում զգալի հարկային մուտքեր պետական բյուջե»,- նշել է նախարարը։

Պապոյանը դիտել է հանքավայրի տարածքում ընթացող ենթակառուցվածքների ու հիմնական շինությունների մասշտաբային շինարարությունը, որին մասնակցում է ավելի քան տասը ընկերություն։ Հաստատված պաշարների ծավալը գնահատվում է 73 տոննա ոսկի և 294 տոննա արծաթ։ Վերջնական արտադրանքը լինելու է դորե՝ ոսկու և արծաթի համաձուլվածք։ Միջազգային շուկայում ոսկու ներկայիս գների հիման վրա հաշվարկվել է, որ շահագործման ընթացքում տարեկան վճարվելիք հարկերն ու ռոյալթիները կգերազանցեն 120 միլիոն դոլարը։

Ծրագրի իրագործման փուլում նախատեսվում է ստեղծել ավելի քան հազար աշխատատեղ։ Ընկերությունը ստանձնել է պարտավորություն՝ տարեկան 7 միլիոն դոլար հատկացնելու Ամուլսարի շրջակա խոշորացված Վայք, Սիսիան և Ջերմուկ համայնքներին։ Հոկտեմբերի 1-ի դրությամբ ծրագրում ընդգրկված աշխատակիցների թիվը կազմել է 890։

Սեպտեմբերին Հայաստանում գործող մոտ մեկ տասնյակ հասարակական կազմակերպություններ բաց նամակով դիմել էին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին (ՎԶԵԲ), հայտնելով իրենց խոր մտահոգությունը Ամուլսարի հանքի նախագծի ֆինանսավորման վերաբերյալ։COP17-ի համաժողովից առաջ ՀԿ-ները բաց նամակ են հղել նաև ՀՀ նախագահին, կառավարությանը և Ազգային ժողովին՝ արտահայտելով անհանգստություն՝ Հայաստանի հակասական բնապահպանական քաղաքականության կապակցությամբ։

2023 թ. հունիսի 6–ին «Լիդիան Արմենիա» և «Ըլայդ Գոլդ Քորփ» ընկերությունների ղեկավարները ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպմանն ասել են, որ պատրաստվում են համատեղ իրականացնել Ամուլսարի ծրագիրը։ Քննարկվել են Ամուլսարի հանքավայրի շինարարության վերսկսման ժամկետների, շահագործման մեկնարկի ակնկալվող ժամկետների, ներդրումային ծրագրի ֆինանսավորման ընթացքի և պետություն-ընկերություն համագործակցության հետ կապված հարցեր:

Ամուլսարը ոսկու երկրորդ խոշոր հանքավայրն է Հայաստանում: Գտնվում է ՀՀ Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի սահմանագլխին, Զանգեզուրի լեռնաշղթայի հյուսիս, հյուսիսարևմտյան ճյուղավորումների ջրբաժանային մասում, 2500-2988 մ բացարձակ բարձրությունների վրա: Այն ղեկավարում է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն, որը միջազգային «Lydian international» ընկերության դուստր ձեռնարկությունն է: Տևական ժամանակ է` հանքավայրը չի գործում։ Լիբանանյան «Էլարդ» ընկերությունն Ամուլսարի հանքի շահագործման ընթացքում իրականացրել էր շրջակա միջավայրի ռիսկերի գնահատում: