Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի նախաձեռնությամբ հանդիպում է անցկացվել կլինիկական օրդինատորների հետ։
«Առողջապահության համակարգի համար պատմական փուլում ենք, և շնորհավորում եմ ձեզ, որ դուք եք այն առաջին օրդինատորները, որոնք կունենան անհատական անցումային լիցենզիա՝ գործելու իրավական դաշտում, միջազգային չափորոշիչներին համահունչ լիցենզիայով»,- ողջունելով հանդիպմանը եկած ուսանողներին՝ նշել է առողջապահության նախարարը, հայտնում է առողջապահության նախարարությունը։
Նախարար Ավանեսյանն շեշտել է, որ այս բարեփոխման գործընթացը կարևոր է անցկացնել օրդինատորների հետ հնարավորինս հարթ ու կազմակերպված՝ արձանագրելով խնդիրներն ու հաշվի առնելով նրանց դիտարկումները։ Հենց այս նպատակով էլ կազմակերպվել է քննարկումը, որն ուղեկցվել է մանրամասն հարցուպատասխանի ձևաչափով՝ առնչվող հարցերի պարզաբանման համար։
Նա հատկապես ընդգծել է, որ այս բարեփոխումը միտված չէ սահմանափակելու որևէ օրդինատորի մասնագիտական գործունեությունը. ընդհակառակը՝ բացվում է նոր իրավական հարթակ՝ գործունեությունը շարունակելու և զարգացնելու համար։
Ըստ սահմանված կարգի՝ մինչև դեկտեմբերի 31-ը օրդինատորներն ունեն 3 փորձ (ներառյալ փորձնականը)՝ անհատական անցումային լիցենզիայի քննությունը հանձնելու համար։ Այսօր արդեն մեկնարկել է առաջին քննությունը։ Այս քայլով մեկնարկ է ստացել միջազգային չափանիշներին համապատասխան անհատական անցումային լիցենզիայի կիրառման գործընթացը Հայաստանում։






