AM
11 Հոկտեմբեր 2025 - 10:37 AMT

Պապոյան․ Խաղողի մթերումն ընթանում է ամբողջ թափով

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ խաղողի մթերումն ընթանում է ամբողջ թափով։

Նա նաև տեսանյութ է հրապարակել Պռոշյանի գործարանից։

«Կադրերն արվել են երեկ Պռոշյանի կոնյակի գործարանում։ Առհասարակ մեր գործարարների շատ մեծ տոկոսը արժանի է խորը հարգանքի և պետք է ամեն օր գնահատել իրենց աշխատանքը։ Սակայն կան նաև այնպիսինները, ում «խոսքը այդպես էլ երբեք գործ չի դառնում» և՛ բիզնեսում, և՛ քաղաքականության մեջ»,-նշել է նա։

Ավելի վաղ կառավարության նիստում Պապոյանը հայտարարել էր, որ կբարելավվեն խաղողի մթերումների նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման պայմանները: Խաղող մթերողներին կտրամադրվի մինչև 50%-ի չափով բյուջետային երաշխիք:

Որոշման նախագիծը հաստատվել էր կառավարության նիստում։ նախագծով առաջարկվում է խաղողի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի գծով տնտեսավարողների մոտ ապահովման միջոցի ոչ բավարար մակարդակի դեպքում կառավարության կողմից 2025 թ. սեպտեմբերի 1-ից մինչև 2025 թ. դեկտեմբերի 30-ը տրամադրել մինչև 50%-ի չափով բյուջետային երաշխիք, բայց ոչ ավելի, քան 2024 թ. արտահանված արտադրանքի արժեքը: