ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի տեղակալն ազատման նախօրեին ստացել է ավելի քան 16 մլն պարգևավճար և մարել 24 մլն դրամանոց անտոկոս փոխառության զգալի մասը:
««ՀԷՑ» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ-էկոնոմիկայի և ֆինանսների նախկին տնօրենին 2023թ դեկտեմբերի վերջին ՀԷՑ-ի կողմից հատկացվել է անտոկոս փոխառություն (կանխավճար) 24,700,000.00 ՀՀ դրամի չափով։
Փոխառության զգալի մասը՝ 16,458,000.00 ՀՀ դրամի չափով, տվյալ պաշտոնյան մարել է ՀԾԿՀ կողմից ՀԷՑ-ի նկատմամբ վարչական վարույթի հարուցումից բառացիորեն երկու շաբաթ առաջ՝ 04.07.2025թ.-ին, վերջինիս կողմից ՀԷՑ-ից աշխատանքից ազատվելու ճիշտ նախօրեին՝ նույն ՀԷՑ-ից ստանալով կիսամյակային միանվագ պարգևատրում այդ իսկ գումարի չափով՝ 16,458 մլն ՀՀ դրամ։
Հատկանշական է, որ ՀԷՑ-ի պաշտոնատար անձանց փոխառությունների (կանխավճարների) տրամադրման և դրանց մարման ժամկետների մասով, ըստ էության, բազմիցս խախտվել են ընկերությունում գործող ընթացակարգերը. այն է՝ նրանց տրամադրվող փոխառությունների գումարը պետք է չգերազանցի ամսական աշխատավարձերի եռապատիկը, իսկ մարման ժամկետ է սահմանված՝ առավելագույնը 6 ամիսը։
Ահա այսպիսի «փոխառություն-կանխավճար-պարգևավճար-պարտքի մարում» հանճարեղ արժեշղթա՝ իրենց ձևով…
ՀԷՑ-ը պետք է ծառայի մեր ժողովրդին»,– գրել է Պետրոսյանը։
Հուլիսի 18-ին ՀԾԿՀ-ն տեղեկացրել է, որ պետական վերահսկողության ծառայությունից ազատված Ռոմանոս Պետրոսյանը դարձել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հանձնաժողովը նաև վարույթ է սկսել ընկերության գործունեության վերաբերյալ՝ հիմնվելով կառավարության ներկայացրած հաղորդման վրա։
2025 թվականի հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրային պալատի հրատապ արբիտրաժը որոշում է կայացրել՝ պարտավորեցնելով ՀՀ-ին չկիրառել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ վերջերս ընդունված «էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքներով սահմանված դրույթները, ինչպես նաև դադարեցնել ՀԷՑ-ի հնարավոր բռնագրավման հետագա քայլերը։






