Հոկտեմբերի 12–ին մարզային բնակավայրերից մեկը վթարային անջատման հետևանքով հոսանքազրկվել էր ավելի քան 6 ժամով։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀԷՑ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը։
Նա տեղեկացրել է, որ դեպքի համակողմանի ուսումնասիրման արդյունքում արձանագրված փաստերի հիման վրա ՀԷՑ-ի 5 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոններից։
«Վթարի փաստի վերաբերյալ ՀԷՑ համապատասխան մասնաճյուղի կարգավարական ծառայության հերթապահ կարգավարը պատշաճ գրանցում չի կատարել գրանցամատյանում (անսալով մասնաճյուղի գլխավոր ճարտարագետի ակնհայտ ապօրինի ցուցումին) և սահմանված կարգով անմիջապես չի զեկուցել ՀԷՑ Կենտրոնական կարգավարական ծառայությանը։
Վթարի փաստը միայն ժամեր անց է հայտնի դարձել ՀԷՑ բարձր ղեկավարությանն ու Կենտրոնական կարգավարական ծառայությանը՝ ինչի արդյունքում լրացուցիչ հսկողություն է սահմանվել վերականգնողական աշխատանքների նկատմամբ եւ երկու ժամ անց արդեն էլեկտրամատակարարումը վերականգնվել է։
Իրավիճակի մանրակրկիտ համադրման, ինչպես նաև տվյալ հերթափոխի աշխատակիցների և պատասխանատու պաշտոնյաների կողմից իրականացված գործողությունների և ձեռնարկված միջոցառումների համակողմանի վերլուծության արդյունքում ի հայտ եկած փաստերի հիմամբ աշխատանքից ազատվել են՝
— մասնաճյուղի Տնօրենի տեղակալ – գլխավոր ճարտարագետը,
— մասնաճյուղի Օպերատիվ կարգավարական ծառայության պետը, — տվյալ ծառայության ավագ կարգավարը (հերթապահը),
— մասնաճուղի Էլ.ցանցերից մեկի պետը,
— տվյալ Էլ.ցանցի պետի տեղակալ-գլխավոր ճարտարագետը։
Հորդորս է՝ «ՀԷՑ» ՓԲԸ բոլոր աշխատակիցներին ու ամենատարբեր մակարդակների պատասխանատու պաշտոնյաներին. Ընկերության բնականոն գործունեությունն ապահովելու՝ ձեր աշխատանքային պարտականություններն իրացնելիս գործել բացառապես ձեզ վերապահված լիազորությունների շրջանակներում՝ հարգելով Ընկերության լավագույն շահը եւ առաջնորդվելով ՀՀ պետական ու հանրային շահով։ Ըստ այդմ, կոչ եմ անում վերադասից տրվող՝ ակնհայտ ապօրինի եւ Ընկերության ու մեր քաղաքացիների օրինական շահերին հակասող ցանկացած հանձնարարություն կամ ցուցում չկատարել եւ այդ մասին անմիջապես տեղյակ պահել Ընկերության Անվտանգության եւ վերահսկողության տնօրինությանը կամ անձամբ՝ ինձ, կապի ցանկացած միջոցներով։ Կրկին շնորհակալություն եմ հայտնում ՀԷՑ-ի հազարավոր բարեխիղճ եւ ազնիվ աշխատակիցներին»,- գրել է Պետրոսյանը։
Հուլիսի 3-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում կատարվելիք փոփոխությունների փաթեթը, որը վերաբերում է ՀԷՑ-ի պետականացման գործընթացին։
Ավելի վաղ, հունիսի 18-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորումից ժամեր առաջ, հայտարարել է, որ եկել է ժամանակը ՀԷՑ-ը պետականացնելու։ Նա նաև զգուշացրել էր, որ պետականացմանն ընդդիմացող աշխատակիցները ազատման ենթակա կլինեն։ Հունիսի 24-ին հայտարարվել է, որ ՀԷՑ-ի պետականացման պլանն արդեն պատրաստ է։
Հուլիսի 18-ին հայտնի է դարձել, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ է նշանակել պետական վերահսկողության ծառայության նախկին ղեկավար Ռոմանոս Պետրոսյանին։ Հանձնաժողովը նաև, կառավարության հաղորդման հիման վրա, վարչական վարույթ է հարուցել ընկերության նկատմամբ։






