Առողջության ապահովագրության ներդրմամբ 2026թ.-ի ընթացքում առաջին փուլով համակարգ ներառվելու են 65+ տարիքի անձինք և նրանց ապահովագրավճարը փակելու է պետությունը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նա նաև ներկայացրել է անհրաժեշտ պայմանները․
1․ ՀՀ քաղաքացիության առկայությունը
2․ ՀՀ-ում 183 օրից ավել բնակություն (ռեզիդենտություն)
«65 և բարձր տարիք ունեցող անձինք կներառվեն ապահովագրական համակարգում՝ անկախ հետևյալ գործոններից.
ա/ Արդյոք ունեն հաշմանդամության կամ ֆունկցիոնալության գնահատման համակարգով սահմանված կարգ
բ/ Աշխատանքային գործունեություն իրականացնում են, թե ոչ, և եկամուտ ունեն, թե ոչ
գ/ Ունեն կամ չունեն քրոնիկ հիվանդություններ
դ/ Ներգրավված են որևէ սոցիալապես խոցելի խմբում, թե ոչ»,–ասվում է գրառման մեջ։
Առողջապահության ապահովագրությունը մեկնարկելու է 2026–ից՝ մի քանի փուլով։
Կառավարությունը 2023–ին հաստատել էր առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը, ըստ որի` 2027-ից նախատեսվում է ունենալ պարտադիր ապահովագրության ամբողջական ծածկույթ ՀՀ բոլոր քաղաքացիների համար, իսկ 2025–ից այն պետք է գործեր թոշակառուների համար, սակայն դա տեղի չունեցավ։






