Փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնել է, որ այս պահի դրությամբ իրավապահ մարմինները ձերբակալել են 6 հոգևորականի, հայտնում է Sputnik Արմենիան Telegram-ի իր ալիքում։
Ձերբակալվել են նաև մի շարք քաղաքացիական անձինք։
«Արագածոտնի թեմի առաջնորդից բացի ձերբակալվել են և այս պահին Երևան քաղաքի քննչական կոմիտեում են գտնվում Տեր Փառեն, Տեր Մանուկ, Տեր Հայկ, Տեր Մկրտիչ, Տեր Ղևոնդ քահանաները, ինչպես նաև մի շարք քաղաքացիական անձինք», – ասել է նա։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ձերբակալվել է Սաղմոսավանքի հոգևոր հովիվ տեր Փառեն քահանա Առաքելյանը:
Պատճառը հայտնի չէ։
Արագածոտնի թեմի առաջնորդը Վեհափառի քրոջ որդին է:
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ընթացքում, պատասխանելով այն հարցին, թե ինչպես է ազատելու Վեհարանը, ասել է, որ «Վեհարանն ազատելու են այնպես, ինչպես 2018-ին Հայաստանն ազատեցին Սերժ Սարգսյանից»։ Ավելի ուշ նա հորդորել է պատրաստվել «Մեծ հոգևոր հանդիպման Էջմիածնի կենտրոնական հրապարակում»։
Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է Մայր Աթոռում իր պատկերացրած փոփոխությունների սցենարը՝ «ազատել Վեհարանը» կաթողիկոսից, որևէ ամունացյալ բարեվարք քահանա նշանակել Կաթողիկոսական տեղապահ, ով չի կարող հավակնել Կաթողիկոսի գահին։ Որպես հաջորդ քայլ, ըստ նրա, կաթողիկոսական նոր ընտրություններ տեղի չեն ունենում, քանի դեռ «Կանոնագիրք հայոցի» հիման վրա չի հաստատվում ՀԱԵ Կանոնագիրք։






