AM
15 Հոկտեմբեր 2025 - 07:54 AMT

ՆԳՆ․ Գլխավոր մասնագետը տրանսպորտային գրանցման վճարները չի մուտքագրել պետբյուջե

Շիրակի մարզում տրանսպորտային միջոցների գրանցման և հաշվառման վճարների մի մասի չփոխանցման դեպքեր են բացահայտվել՝ պետությունը զգալի վնաս է կրել։

ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ Շիրակի մարզի հաշվառման-քննական բաժնի գլխավոր մասնագետը, կատարելով տրանսպորտային միջոցների պետական գրանցման և հաշվառման գործառույթներ, մի շարք տրանսպորտային միջոցների գրանցման ու հաշվառման գործողությունները կատարել է համապատասխան վճարումները պետական հաշվեհամարին կատարված չլինելու պայմաններում։

Պարզվել է նաև, որ նա մի շարք տրանսպորտային միջոցների գրանցման և հաշվառման գործողությունների համար սահմանված պետական վճարումների գումարները ստացել է քաղաքացիներից, սակայն դրանք կա՛մ չի փոխանցել պետական հաշվեհամարին, կա՛մ փոխանցել է մասնակի, հայտնում է ՆԳՆ–ն։

Գլխավոր մասնագետի ապօրինի գործողությունների արդյունքում պետբյուջե 1 միլիոն 132 հազար դրամ պակաս է վճարվել:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով և նույն օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ․ կատարվում է նախաքննություն։