AM
15 Հոկտեմբեր 2025 - 12:25 AMT

Նախագիծ․ Արտերկրում գտնվող ներդրողները կկարողանան ՀՀ-ում գույք գնել հիփոթեքով՝ հեռավար եղանակով

Քաղաքացիները, այդ թվում՝ արտասահմանում գտնվող ներդրողները, կկարողանան ՀՀ–ում գույք ձեռք բերել հիփոթեքային վարկավորմամբ՝ առանց նոտարական վավերացման և առանց ֆիզիկապես ներկա լինելու։ Այդ մասին Ազգային ժողովի տնտեսական հանձնաժողովի նիստում հայտնել է Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը՝ ներկայացնելով օրենքի փոփոխությունների նախագիծը։

Նա պարզաբանել է, որ նախագիծը վերաբերում է բանկի կամ վարկային կազմակերպության, գնորդի և վաճառողի միջև կնքվող եռակողմ պայմանագրերին, հայտնում է Արմենպրեսը։

«Այս փոփոխությամբ սահմանվում է հնարավորություն, որ նման պայմանագրերը իրավունքի պետական գրանցման ներկայացվեն առանց նոտարական վավերացման։ Բանկը՝ որպես հիփոթեքային վարկ տրամադրող, կներկայացնի պայմանագիրը Կադաստրի կոմիտե՝ էլեկտրոնային եղանակով»,– նշել է նա։

Թովմասյանի խոսքով՝ նախաձեռնությունն ունի երկու հիմնական նպատակ՝ առաջինը գործարքի ընթացակարգերի պարզեցումն է և քաղաքացիների ծախսերի կրճատումը, քանի որ այլևս անհրաժեշտ չի լինի տրամադրել լիազորագրեր կամ այցելել նոտարական գրասենյակ։ Երկրորդ նպատակը, ըստ նրա, անշարժ գույքի շուկայի ակտիվացումն է, հատկապես՝ դրսից ուղղված ներդրումների խթանումը։

«Եթե արտասահմանում ապրող մարդը ցանկանում է ներդրում կատարել և գնել գույք հիփոթեքային վարկավորմամբ, նա կարող է առուծախի պայմանագիրը ստորագրել հեռավար եղանակով՝ առանց Հայաստան այցելելու։ Բանկը էլեկտրոնային եղանակով կներկայացնի պայմանագիրը Կադաստրի կոմիտե, որը կդառնա իրավունքի պետական գրանցման հիմք»,– ընդգծել է կոմիտեի ղեկավարը։

Նա նաև հավելել է, որ քաղաքացիներին կտրվի ընտրության հնարավորություն՝ ցանկության դեպքում կարող են օգտագործել նոր թվային մեխանիզմը կամ պահպանել նոտարական վավերացման ավանդական ձևաչափը։ Իսկ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո Կառավարությունը կհաստատի պայմանագրի միասնական ձև, որի միջոցով էլ կկատարվի տվյալ գործարքների գրանցումը։