AM
15 Հոկտեմբեր 2025 - 14:03 AMT

Օրբելյան. Ապօրինի վարքագծի հետևանքով «Վոլնորթը» զրկվել է ԶՊՄԿ–ի բաժնետոմսերի 75%-ը ձեռք բերելու իրավունքից

«Վոլնորթ» ընկերությունը ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնին ներկայացրել է բողոք, որով հիմնավորել է ՀՀ կողմից Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲԸ-ի` «ԶՊՄԿ-ի ներքին կորպորատիվ գործերին ապօրինի միջամտությունը»։ Այդ մասին «Հարցեր կան» հաղորդմանն ասել է «Կոնցեռն դիալոգ» փաստաբանական գրասենյակի կառավարիչ գործընկեր, միջազգային իրավունքի մասնագետ Արամ Օրբելյանը։

Նա նշել է, որ «ապօրինի վարքագծի հետևանքով «Վոլնորթը» զրկվել է ԶՊՄԿ–ի բաժնետոմսերի 75 տոկոսը ձեռք բերելու իրավունքից, ինչը նրան կտար ընկերության վերահսկողություն և զգալի դիվիդենտների իրավունք», հայտնում է Panorama.am-ը։

«Վոլնորթ» ընկերությունը համոզված լինելով, հետագայում դա նաև հիմնավորելով հայցով, որ իր իրավունքները խախտվում են՝ Հայաստանը չի ապահովել «Վոլնորթի» ներդրման արդարացի և հավասար վերաբերմունքը՝ ԶՊՄԿ-ի բաժնետերերի և աշխատակիցների հանդեպ ոտնձգություններով և ահաբեկմամբ, իր կարգավորող լիազորությունների չարաշահմամբ և դատարանների վրա գործադրված ճնշմամբ, ինչի հետևանքով «Վոլնորթի» հայկական դուստր ձեռնարկությունները զրկվել են արդար դատավարության իրավունքից, դիմել է դատարան, որպեսզի ստանա կորուստը։ Այն նախնական գնահատականով՝ 1.5 միլիարդ դոլար է, բայց թիվը կարող է աճել մինչև 2-3 միլիարդ դոլարի՝ պայմանավորված մի շարք տվյալներով, որոնք «Վոլնորթը» չի կարողացել ստանալ՝ այդպիսով խախտվել է նաև ընկերության՝ որպես բաժնետեր ընկերությունում իրավիճակի մասին տեղեկություն ստանալու իրավունքը։

2020-2021 թվականից սկսած՝ կառավարությունը խոսում էր, որ ԶՊՄԿ-ն պետք է վերադարձվի ժողովրդին և դա արվելու է «մուրճի միջոցով». անհասականալի պայմաններում «Վոլնորթ» ընկերությունը, որ երկու բաժնետերերից մեկն էր, խոչընդոտների է բախվում՝ պետությունը սկսում է ուղղակիորեն միջամտել։ Արդյունքում՝ ընկերության մենեջմենթը շատ տարօրինակ հանգամանքներում վաճառում է ընկերության բաժնետոմսերը մեկ այլ ընկերության, որն էլ այդ պահին նվիրում է պետությանը 15 տոկոս, հետո մյուս բաժնետերն ընդհանրապես դուրս է գալիս, պետության տոկոսը դառնում է համարյա 22 տոկոս»,–ասել է Օրբելյանը։

Նա հավելել է, որ «Վոլնորթը», հասկանալով, որ տարօրինակ գործընթացներ են տեղի ունենում, դիմում է դատարան՝ պահանջելով, որ բաժնետոմսերը իրեն վաճառեն։

«Արդյունքում դատական համակարգի մանիպուլյացիաների միջոցով, ներառյալ՝ ապօրինի ապահովման միջոցներ, ուշ գիշերը կայացված դատական ակտեր և կարգավորող մարմինների արագացված ընթացակարգեր, ԶՊՄԿ-ի 60 տոկոսը գաղտնի վաճառում է Արդյունաբերական ընկերությանը, որն էլ մեկ գիշերում որոշում է, որ կառավարությանը նվեր ունի տալու. կնքվում է նվիրատվության պայմանագիրը, որը շատ երկար ժամանակ գաղտնի է պահվում»,–նշել է իրավաբանը։

Օրբելյանը հավաստիացնում է, որ «Վոլնորթը» նաև զրկվել է իր սկզբնական 12.5 տոկոս բաժնետոմսերի տնտեսական օգտագործման իրավունքից, որոնք, փաստացիորեն, վերցվել են նրանից՝ անհիմն և անժամկետ սառեցման որոշումների միջոցով՝ խախտելով Կիպրոս-Հայաստան պայմանագրի՝ ապօրինի բռնագրավման արգելքը։