AM
16 Հոկտեմբեր 2025 - 06:52 AMT

ՄԻՊ-ը մի շարք խախտումներ է արձանագրել հոգևորականների ձերբակալությունների գործընթացում

Մարդու իրավունքների պաշտպանը քրեադատավարական մի շարք խախտումներ է արձանագրել հոգևորականներին բերման ենթարկելու գործընթացում։

Հայ առաքելական եկեղեցու մի խումբ հոգևորականների բերման ենթարկելու մասին տեղեկություններ ստանալուց հետո, ինչպես նաև ՀՀ քննչական կոմիտեի և նրա Երևանի քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կատարված այցից հետո, Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խումբը արձանագրել է մի շարք խախտումներ։

Նշվում է, որ վկայի դատավարական կարգավիճակ ունեցող անձինք ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին՝ առանց քրեադատավարական պահանջների պատշաճ պահպանման։

«Անձին փաստացի ազատությունից զրկելու ցանկացած դեպք պետք է համապատասխանի իրավաչափության սահմանված չափանիշներին և իրականացվի բացառապես քրեադատավարական ընթացակարգերի շրջանակում: Անթույլատրելի ենք համարում նաև անձանց իրավաբանական օգնություն տրամադրելու նպատակով վարույթն իրականացնող մարմին ժամանած փաստաբանների մուտքի և վստահորդների հետ տեսակցելու առումով խնդիրներ ստեղծելու դեպքերը»,– ասված է հաղորդագրության մեջ:

Օմբուդսմենի գրասենյակից ընդգծել են, որ նման գործելակերպը խաթարում է վարույթն իրականացնող մարմնի շենքում գտնվող անձանց՝ հատկապես քրեական հետապնդման ենթարկվողների, իրավաբանական օգնություն ստանալու և դրա հետ առնչվող մյուս իրավունքների լիարժեք իրացումը։

ՄԻՊ-ն մտահոգիչ է գնահատել նաև այն հանգամանքը, որ ազատությունից զրկված անձին չի տրամադրվել հնարավորություն՝ իր ընտրած անձին տեղեկացնելու իր գտնվելու վայրի մասին։

Բացի դրանից, ՄԻՊ աշխատակազմը շարունակ պահպանում է կապ փաստաբանների հետ՝ այդ թվում՝ տրամադրելով նրանց վստահորդների գտնվելու վայրին վերաբերող տեղեկություններ։

Հովհաննավանքի հոգևոր հովիվ Արամ քահանա Ասատրյանը հայտարարել է, թե որևէ առնչություն չունի Արագածոտնի թեմի շուրջ տեղի ունեցող վերջին դեպքերին։

«Չկամ ես իրավապահների թեմայի մեջ, իհարկե այս թեմաները, որը որ զարգացել են, զարգանում են, ես գրեթե ամիսուկես է այս ամենի մեջ եմ, բայց վերջին դեպքերի հետ կապված մասնակցություն չունեմ», – ասել է նա, հայտնում է «Ազատությունը»։

Պատասխանելով այն հարցին թե հաղորդում չի՞ ներկայացրել՝ Արամ քահանան ասել է․ «Եթե մամուլով շրջանառվող լուրերին էլ հետևեք, կտեսնեք, որ Հայաստանում կան նաև […] կազմակերպություններ, ովքեր որ հետաքրքրված են, թե ինչ է կատարվում եկեղեցու մեջ և փորձել են նաև պարզաբանումներ ունենալ և այդ հարցերը հենց իրենք են բարձրաձայնել»։

Նա հավելել է, որ Քննչական չի հրավիրվել, որևէ մեկը իրեն չի զանգել, Դատախազություն չի գնացել:

«Այսինքն՝ այս ամենն առանց ճշտելու ինձ հետ կապելը, ես չեմ ուզում որակումներ տալ, բայց ճիշտ չեմ համարում, որովհետև ինֆորմացիան ևս սնունդ է, և այդ սնունդը կարող է լինել օգտակար և վնասակար», – նշել է հոգևորականը։

Այն հարցին, թե արդյոք մասնակցել է ցույցերին Արագածոտնի թեմի առաջնորդի ճնշմամբ, ինչի մասին ինքը հայտնել էր Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ ասելով, որ մասնակցությունը սեփական կամքից անկախ է եղել, Տեր Արամը պատասխանել է. «Այստեղ կանոնները արդեն պետք է հիշել, որովհետև որևէ մեկ հոգևորական, կարծում եմ, ինքնագլուխ ցույցերի չէր մասնակցի, որովհետև մասնակցել այդ ամենին՝ կնշանակեր, մանավանդ եթե դու համազգեստով ես, դու եկեղեցին ես ներկայացնում, իսկ այս պարագային առանց թույլտվության դու եկեղեցին չես կարող ներկայացնել»։

Ճշտող հարցին, թե այսինքն՝ թեմի առաջնո՞րդն է եղել՝ Արամ քահանան արձագանքել է․ «Իհարկե, որ թեմերը որ մասնակցել են՝ հստակ հրահանգ եղել է»։

Հանրայինում հնչեցրած իր մեկնաբանության վերաբերյալ՝ Տեր Արամը կարծիք է հայտնել, որ այն պետք է արժանանա ուսումնասիրության։

«Պիտի քննվի, ինչո՞ւ պիտի քննվի, որովհետև եթե եղել են ազատության նկատմամբ ճնշումներ՝ մարդու խոսքի, իրավունքի, և առհասարակ ընտրությունները կլինեն, ցույցերը կլինեն, դրանք այնպիսի շարժումներ են, որ մարդը գաղափարապե՛ս դրան պիտի հարի, եթե դու գաղափարապես այդ շարժմանը չես հարում, բայց այնտեղ ես, դա էլ է տարօրինակ»,–ասել է նա։

Հոկտեմբերի 15–ի վաղ առավոտյան իրավապահ մարմինները խուզարկություն են իրականացրել Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տանը, որից հետո նա բերման է ենթարկվել։ Սրբազանի հետ մեկտեղ բերման ենթարկվել են նաև Արագածոտնի թեմի 12 հոգևորականներ՝ Փառեն քահանա Առաքելյանը, Հայկ քահանա Քոչարյանը, Մկրտիչ քահանա Երանյանը, Մանուկ քահանա Զեյնալյանը, Ղևոնդ քահանա Գափոյանը, Հայկ քահանա Սահակյանը, Սարգիս քահանա Սարգսյանը, Գարեգին քահանա Արսենյանը, Նարեկ քահանա Սարգսյանը, Օշին քահանա Հայրապետյանը, Վրթանես քահանա Բաղալյանը և Համբարձում քահանա Դանիելյանը, ինչպես նաև թեմի հաշվապահը, գանձապահն ու գործավարը։ Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ նրանք բերման են ենթարկվել հավաքին մասնակցելու կամ դրանից հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու, ինչպես նաև խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելու կասկածանքով։

Քրեական վարույթը հարուցվել է Արագածոտնի թեմի քահանա Արամ Ասատրյանի՝ Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցրած հայտարարությունների հիման վրա։ Ըստ Ասատրյանի՝ թեմի առաջնորդը ստիպել է իրեն և մյուս հոգևորականներին մասնակցել ընդդիմության բողոքի ակցիաներին 2021 թվականին։ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նախագահ Դանիել Իոաննիսյանն այդ հայտարարության հիման վրա դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ խնդրելով արձագանքել։