AM
16 Հոկտեմբեր 2025 - 07:37 AMT

Փաշինյանը ՏՏ ոլորտում ՀՀ պետական մրցանակակիր Ռոշի հետ խոսել է Ակադեմիական քաղաքի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Analog Devices Inc. (ADI) ընկերության գլխավոր գործադիր տնօրեն և տնօրենների խորհրդի նախագահ Վինսենթ Ռոշին: Իր խոսքում վարչապետը շնորհավորել է նրան և նշել, որ ժամանակակից և տեխնոլոգիաների աշխարհում մրցանակակիրների գործունեությունն ամեն օր ներկա է մեր կյանքում:

Ավելի ուշ Վինսենթ Ռոշի հետ առանձնազրույցում Փաշինյանը բարձր է գնահատել Ռոշի ներդրումը տեխնոլոգիական առաջընթացի գործում՝ ընդգծելով, որ նրա գործունեությունն ու ձեռքբերումները կարող են ծառայել որպես լավ օրինակ նոր սերնդի համար։ Վինսենթ Ռոշը իր հերթին շնորհակալություն է հայտնել նման գնահատանքի համար՝ ընդգծելով, որ Հայաստանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում ունի զգալի ներուժ։

Այդ համատեքստում վարչապետը ներկայացրել է «Ակադեմիական քաղաք» նախաձեռնությունը և դրա շրջանակում ընթացող ծրագրերը։ Վինսենթ Ռոշը ողջունել է այս նախագիծը և հայտնել իր պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանում իրականացվող կրթական ծրագրերին։

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ կրթությունը առանցքային նշանակություն ունի անհատների հաջողության հասնելու, արդյունավետ աշխատանք իրականացնելու և առկա մարտահրավերներին արդյունավետ դիմակայելու գործում։

Փաշինյանը Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 16-րդ հանդիսավոր արարողության ժամանակ ունեցած ելույթում կարևորել է մրցանակակիրների հետ հանդիպումներն ու քննարկումները՝ նշելով, որ դրանք արժեքավոր են եղել Կառավարության ռազմավարությունների ձևավորման համար։

«Այն հարցին, թե ինչո՞ւմ է ձեզ օգնել ձեր երկրի կառավարությունը, բոլոր դեպքերում ես ստացել եմ մի պատասխան՝ կրթությունը, կառավարությունը մեզ համար ապահովել է կրթություն՝ հանրակրթություն, բարձրագույն, հետբուհական: Գուցե նաև մրցանակաբաշխության առիթով մրցանակակիրների հետ ունեցած մեր խոսակցություններն են իրենց ազդեցությունն ունեցել այն հարցում, որ մենք հիմա այդքան շատ կենտրոնացած ենք կրթության վրա: Իհարկե, նաև մեր փորձը, իմացությունն ու պրակտիկան է մեզ բերել հետևյալին, որ այսօր Հայաստանում գործնականում չկա թեկուզ մի հարց, որի լուծումը չի անցնում կրթության միջոցով՝ կլինի դա արտաքին քաղաքականության, կլինի ներքին քաղաքականության, շինարարության, հումանիտար ոլորտի, սոցիալական», – ասել է երկրի ղեկավարը։

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ կրթությունն առանցքային գործոն է նաև աղքատության հաղթահարման հարցում։ Նրա խոսքով՝ սոցիալական օգնությունները չեն կարող երկարաժամկետ արդյունք տալ, եթե պետությունը չի ապահովում կրթական հասանելիություն բոլորի համար։

Վարչապետի խոսքով՝ մրցանակակիրների օրինակն իր հերթին պարտավորեցնում է Կառավարությանը խորապես կենտրոնանալ կրթության ոլորտի բարեփոխումների վրա։ Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է «Ակադեմիական քաղաք» նախագծին՝ նշելով, որ չնայած որոշ շրջաններում թերահավատ վերաբերմունքին, այն իրականություն է դառնալու։

«Ես հույս ունեմ, որ մինչև տարվա վերջ Կառավարության որոշմամբ կհաստատենք Ակադեմիական քաղաքի մաստեր պլանը և կանցնենք իրագործման փուլին»,–ասել է նա։

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի նախագահի մրցանակը հիմնվել է 2009 թ.։ Մրցանակաբաշխության ֆինանսավորումն իրականացվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի, «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի և հովանավորի միջև կնքված համագործակցության հուշագրին համապատասխան։