Հայաստանն այս տարի սկսել է սկրինինգային ընդլայնված ծրագիր, որի շրջանակում պետական պատվերով իրականացվում են մամոգրաֆիկ հետազոտություններ մի շարք սոցիալական խմբերի համար։ Կառավարության նիստում այդ մասին հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Այս ծրագիրը հնարավորություն է տալիս սոցիալական փաթեթի շահառուներին, հաշմանդամություն ունեցող անձանց, ինչպես նաև տարբեր սոցիալական խմբերի ներկայացուցիչներին անվճար մամոգրաֆիկ հետազոտություն անցնել։ Մասնավորապես, մեր ուսուցիչները, բժիշկները, պետական ծառայողները, զինծառայողների ընտանիքի անդամները կարող են օգտվել այս հնարավորությունից։ Մեր կարգախոսն է՝ «մեկ հետազոտությունը կարող է կյանք փրկել»»,– ընդգծել է նախարարը, հայտնում է Արմենպրեսը։
Ավանեսյանի խոսքով՝ կրծքագեղձի քաղցկեղը շարունակում է մնալ ամենատարածված ու մահացու հիվանդություններից մեկը ինչպես Հայաստանում, այնպես էլ համաշխարհային մակարդակով։
Նա հավելել է, որ նմանատիպ կանխարգելիչ ծրագրերի միջոցով հնարավոր է ոչ միայն նվազեցնել հիվանդության հետևանքով մահվան ցուցանիշները, այլև բարելավել կյանքին վերաբերող ընդհանուր որակը։
«Նման կանխարգելիչ արշավների միջոցով մենք կարող ենք ոչ միայն նվազեցնել մահացությունը, այլև ապահովել ավելի բարձր կյանքի որակ։ Շնորհակալ եմ բոլորին, որ Կառավարությունը ևս միացել է այս իրազեկման արշավին»,-նշել է Ավանեսյանը։
Ըստ «Առողջություն և առողջապահություն» վիճակագրական տարեգրքի տվյալների` 2023թ.-ին Հայաստանում կյանքում առաջին անգամ հաստատված կրծքագեղձի քաղցկեղի 1511 դեպք է գրանցվել, որի 56%-ը հայտնաբերվել է I-II փուլում, 22.5%-ը III փուլում, իսկ 21.5%-ը` IV: Ըստ 2023թ.-ի տարեվերջյան տվյալների` կրծքագեղձի քաղցկեղ ունեցող պացիենտրենի թիվը կազմել է 14,632:






