AM
16 Հոկտեմբեր 2025 - 09:27 AMT

Բեռնատարների վարորդները բողոքում են ՌԴ–ում մնալու ժամկետի կրճատումից․ Պապոյանն ասել է՝ զբաղվում են հարցով

Բեռնատարների վարորդները կրկին բողոքի ակցիա են անում ՀՀ կառավարության շենքի դիմաց՝ ՌԴ տարածքում մնալու ժամկետի կրճատման հետ կապված։ Նրանց հետ հանդիպման է եկել ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ վստահեցնելով, որ իրենց հարցով կառավարությունը զբաղվում է ամենաբարձր մակարդակով՝ ԵԱՏՄ–ի շրջանակներում։

«Տեղյակ ենք և զբաղվում ենք։ Սրանից ավելի այս պահին բան չասեմ, բայց ձեզնից շատ ենք զբաղվում։ Աշխատանքային մի երկու բան որ ասեմ, մեր ու ձեր գործին կարող է խանգարել։ Բայց հավատացեք` ամենաբարձր մակարդակով՝ ԵԱՏՄ-ում զբաղվում ենք էս հարցով»,- ասել է նախարարը, հայտնում է Sputnik Արմենիան։

Հունվարի 1-ից ուժի մեջ մտած կարգավորումների համաձայն՝ այն քաղաքացիները, որոնք ՌԴ մուտք են գործում ոչ աշխատանքային նպատակով (այսինքն՝ միգրացիոն քարտում չեն նշում «աշխատանք»), տարվա ընթացքում կարող են մնալ առավելագույնը 90 օր։ Մինչ այս թույլատրվում էր՝ յուրաքանչյուր 180 օրվա ընթացքում մինչև 90 օր:

Այս սահմանափակումը տարածվել է նաև ուղևորափոխադրում և բեռնափոխադրում իրականացնող վարորդների վրա, որոնցից շատերը նշում են, որ թույլատրելի ժամկետի մեծ մասը ստիպված են անցկացնել, օրինակ, Վլադիկավկազում կամ Վերին Լարսում՝ սահմանային հերթերի մեջ։

Պապոյանը նշել է, որ անձամբ գիտակցում է՝ 90 օրը բավարար չէ, քանի որ այդ օրերի զգալի մասն անցնում է սահմանում։ Նա հույս է հայտնել, որ հարցը կլուծվի, սակայն հստակ ժամկետներ նշել չի կարողացել։

Միևնույն ժամանակ, վարորդներն իրենք վստահություն չեն հայտնում, որ հարցը շուտափույթ լուծում կստանա։ Նրանք շարունակել են մնալ կառավարության շենքի դիմաց՝ ընդգծելով, որ չեն պատրաստվում հեռանալ, քանի դեռ իրենց խնդրի վերաբերյալ հստակ լուծման ուղի ու ժամկետ չեն լսել։ Նրանք նաև նախազգուշացրել են, որ խնդիրը անտեսվելու դեպքում պատրաստ են փակել ճանապարհները բեռնատարներով։

Հոկտեմբերի 1-ից Ռուսաստանից ելքի ժամանակ բեռնափոխադրողները պետք է էլեկտրոնային համակարգով (ГИС ЭПД) ամրագրեն Վերին Լարսի անցակետ ժամանման ամսաթիվն ու ժամը։

ՌԴ գործընկերներն առաջարկում են, որ օտարերկրյա, ինչպես նաև ՀՀ ավտոմոբիլային բեռնափոխադրում իրականացնողներն էլեկտրոնային հարթակում նախապես իրականացնեն անձնական աշխատասենյակների և տրանսպորտային միջոցների քարտերի գրանցում։