AM
16 Հոկտեմբեր 2025 - 11:28 AMT

Եկամուտների հայտարարագրումը պարզեցվում է․ Չներկայացնելու համար տուգանք չի նախատեսվի

Եկամուտների հայտարարագրման գործընթացը պարզեցվում է։ Կառավարության հոկտեմբերի 16-ի նիստում համապատասխան նախագիծը ներկայացրել է ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը։

Նրա խոսքով՝ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նախաձեռնել է փոփոխությունների փաթեթ, որը նախատեսում է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրերի նախալրացում Պետական եկամուտների կոմիտեի կողմից, հայտնում է Արմենպրեսը։

«Հայտարարագիրը նախագծվելու է հարկային մարմնի կողմից, և քաղաքացիներին կտրվի բավարար ժամանակ այն ստուգելու և անհրաժեշտության դեպքում փոփոխություններ կատարելու համար։ Եթե լրացումներ չլինեն, հայտարարագիրը կհամարվի ներկայացված հաշվետու տարվան հաջորդող տարվա հուլիսի 1-ին՝ առանց քաղաքացիների կողմից լրացուցիչ գործողությունների»,-նշել է Պողոսյանը։

Նրա խոսքով՝ ընթացիկ և հաջորդ տարվա համար սահմանվել է անցումային երկարացված ժամկետ՝ մինչև նոյեմբերի 1-ը, որպեսզի քաղաքացիները հասցնեն ծանոթանալ նոր ձևաչափին։

Նախատեսվում է նաև փոփոխություն Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում։

«Քանի որ գործնականում չենք ունենալու հայտարարագրի չներկայացման դեպքեր, առաջարկվում է հանել պատասխանատվության միջոցը՝ նախազգուշացում կամ տուգանք, որը կիրառվում էր սահմանված ժամկետում հայտարարագիր չներկայացնելու համար»,-նշել է Պողոսյանը։

Միաժամանակ, առողջապահության կամ կրթության ոլորտում սոցիալական ծախսերի վերադարձի իրավունք ունեցող քաղաքացիները պարտադիր պետք է մուտք գործեն համակարգ և էլեկտրոնային ստորագրությամբ հաստատեն իրենց հայտարարագիրը։

Փոխնախարարը նաև ներկայացրել է մի շարք լրացուցիչ փոփոխություններ։

«Կբարձրացվի 3-րդ անձանց կողմից հարկային մարմնին տրամադրվող տեղեկատվության ծավալը, օրինակ՝ բնակչության պետական ռեգիստրից կամ սահմանահատման տվյալներից։

Կառավարությանը կտրվի իրավասություն՝ որոշելու ինչ եկամուտներ հայտարարագրման ենթակա չեն, կամ կներառվեն միայն որոշակի շեմից բարձր եկամուտները։

Ընտանիքի անդամների միջև փոխանցվող գումարները՝ կենցաղային ծախսերի կամ աջակցության նպատակով, կազատվեն հայտարարագրման պարտականությունից։

Բանկերից կամ ֆինանսական հաստատություններից ստացվող տեղեկատվությունը հարկային մարմիններին կփոխանցվի միայն այն դեպքում, երբ քաղաքացին տվել է իր համաձայնությունը»,-ասել է փոխնախարարը։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ ՀՀ բոլոր վարձու աշխատողները նոյեմբերի 1–ից պետք է եկամուտների հայտարարագիր ներկայացնեն։