Կառավարությունը որոշել է մեկ տարով երկարաձգել էլեկտրական տրանսպորտային միջոցների ԱԱՀ-ից ազատման գործող արտոնությունը՝ հաշվի առնելով դրա դրական ազդեցությունն այս ոլորտի զարգացման վրա։ Կառավարության նիստում նախագիծը ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Գործող արտոնությունը նախատեսում է, որ մեծ, միջին և փոքր ավտոբուսները, մարդատար մեքենաները, մոտոցիկլետները և մոպեդները, որոնք ունեն էլեկտրական շարժիչ, ազատված են ԱԱՀ-ից մինչև 2026 թվականի հունվարի 1-ը։ Հաշվի առնելով դրական արդյունքները՝ առաջարկվում է ժամկետը երկարաձգել ևս մեկ տարով՝ մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը»,-նշել է Պապոյանը, գրում է Արմենպրեսը։
Նախարարի խոսքով՝ այս արտոնությունը, որը գործարկվել է 2019 թվականից, զգալիորեն խթանել է էլեկտրական տրանսպորտի ներմուծումը Հայաստան։ Մասնավորապես՝ 2023 թվականին ներմուծվել է 9635 միավոր, ինչը 2022-ի համեմատ աճել է 75 տոկոսով։ 2024 թվականին ներմուծվել է 11,793 էլեկտրական տրանսպորտային միջոց, ինչը 2023-ի համեմատ ավելացել է ևս 22 տոկոսով։ Իսկ 2019-ի համեմատ ընդհանուր աճը կազմել է մոտ 17.6 անգամ։
Պապոյանը հավելել է, որ Հայաստանը շարունակում է օգտվել նաև Մաքսային միության հանձնաժողովի սահմանած մաքսատուրքից ազատման քվոտաներից։ 2023, 2024 և 2025 թվականների համար տարեկան տրամադրվել է 8000 միավոր էլեկտրական մեքենաների ներմուծման քվոտա, որոնց դեպքում մաքսատուրք չի գանձվում։
«Այս տարվա սկզբից մինչև հոկտեմբերի 14-ը Հայաստան է ներմուծվել 14,888 էլեկտրական շարժիչով մեքենա, 3 ավտոբուս, ինչպես նաև 2634 մոտոցիկլետ և մոպեդ, ինչը ևս մեկ անգամ վկայում է արտոնությունների արդյունավետության մասին»,-նշել է նախարարը։






