AM
16 Հոկտեմբեր 2025 - 14:46 AMT

Վարդապետ Զարգարյան․ Քահանայական կոչումը Խաչի ճանապարհ է, ոչ թե հարմարվողականության

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Ռուբեն վարդապետ Զարգարյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով վերջին օրերին հոգևորականների դեմ իրականացվող գործողություններին, հորդորել է չվախենալ։

Նա նշել է, որ քահանայական կոչումը Խաչի ճանապարհ է, ոչ թե հարմարվողականության

«Սիրելի’ հոգևոր հայրեր, չվախենանք։ Եթե մերժվում ենք Քրիստոսի անվան համար, ուրեմն ճիշտ ճանապարհի վրա ենք։ Թող մեր զենքը լինի Խաչը, մեր վահանը՝ հավատքը, և մեր հաղթանակը՝ սերն ու միաբանությունը»,–գրել է նա։

Նա հիշեցրել է հայ հոգեւորականների աքսորն ու գնդակահարությունները բոլշևիկյան ռեժիմի օրոք, որի մասին կարդացել էին գրքերում, և անպատկերացնելի էր թվում։ Ըստ նրա՝ այսօր փոխվել են դերակատարները, բայց ոչ պատկերն ու էությունը։

«Այսօր, երբ մեր Սուրբ Եկեղեցին կրկին կանգնած է հալածանքի քամիների դիմաց՝ թեկուզ սեփական իշխանությունների կողմից, մենք կանչված ենք հիշելու Տիրոջ այն խոսքը, որը երբեք չի կորցրել իր զորությունը. «Երանի՜ ձեզ, երբ ձեզ նախատեն ու հալածեն կամ ստելով՝ ձեր մասին ամեն տեսակ զրպարտություն անեն իմ հետեւորդը լինելու համար։ Ցնծացե՛ք եւ ուրախացե՛ք, որովհետեւ մեծ է ձեր վարձատրությունը երկնքում» (Մատթ. 5։11–12)։

Քրիստոսի եկեղեցին, որի լիարժեք մաս է Հայ եկեղեցին, երբեք չի ապրել անխռով պայմաններում։ Այն ծնվել է հալածանքների բովում՝ Սուրբ Հոգու զորությամբ։ Աշխարհը, որ մերժեց իր Փրկչին, չի կարող ընդունել Նրա մարմինը՝ Եկեղեցին։ Սակայն պատմությունը վկայում է, որ Եկեղեցին կանգնած է Խաչի վրա, բայց չի խորտակվում։

Երբ առաջին դարերում հալածում էին քրիստոնյաներին, նրանք չէին տագնապում, հուսահատվում, փախչում՝ այլ հավաքվում էին խորշերում, աղոթում էին և ջերմեռանդությամբ մկրտում նոր հավատացյալների։ Նրանք գիտեին, որ Ճշմարտությունն անհնար է կապանքել շղթաներով։ Ինչպես Սուրբ Պողոս առաքյալն է ասում.

«Ես բանտարկված եմ, ինչպես մի չարագործ, բայց Աստծո խոսքը հնարավոր չէ բանտարկել» (Բ Տիմ. 2։9)։

Այսօր մեզ թվում է, թե նոր երևույթ է, որ աշխարհիկ իշխանությունները ապօրինությունների միջոցով հալածանք են սանձազերծել հայ հոգևորականության դեմ։ Բայց ոչ՝ սա նույն փորձությունն է, որը միշտ ուղեկցել է մեզ մեր հավատքի և առաքելության ճանապարհին։ Հիշենք հայ հոգևորականների աքսորն ու գնդակահարությունները բոլշևիկյան ռեժիմի օրոք, որի մասին կարդացել էինք գրքերում, և անպատկերացնելի էր թվում։ Այսօր փոխվել են դերակատարները, բայց ոչ պատկերն ու էությունը. ժողովրդավարության թիկնոցով նույն բոլշևիկներն են՝ նեոբոլշևիկները, գուցե հայ հոգևորականին մատնող, սպանող, եկեղեցի քանդող պապերի թոռներն ու ծոռները։ Բայց ինչպես ոսկին մաքրվում է կրակի միջով, այդպես էլ Եկեղեցին մաքրվում և զորանում է փորձություններով»,–ասվում է գրառման մեջ։

Վարդապետը նշել է, որ այս խավարի մեջ իրենք կոչված ենք լինելու լույս առկայծող և հույս ներշնչող՝ այդ թվում հալածանքի մեջ անձնական օրինակով։

«Իբրև Հայ եկեղեցու հոգևորական՝ մեր կոչումն է՝ լինել ոչ թե աշխարհի հարգանքն ակնկալող սպասավոր, այլ Տիրոջ վկա։ Քահանայական կոչումը Խաչի ճանապարհ է, ոչ թե հարմարվողականության»,–գրել է նա։

Վարդապետը հավելել է, որ եկեղեցին ոչ թե մարդկային հաստատություն է, այլ Աստծո մարմին՝ հաստատված Սուրբ Հոգու շնորհով։

«Ոչ մի օրենք կամ իշխանություն, ոչ մի դավաճանություն կամ ատելություն չի կարող տապալել այն, ինչ Քրիստոս հիմնեց Իր արյամբ, «որ մահն անգամ իր ամբողջ զորությամբ չկարողանա հաղթահարել» (Մատթ. 16։18)։

Ուրեմն, սիրելի’ հոգեւոր հայրեր, չվախենանք։ Եթե մերժվում ենք Քրիստոսի անվան համար, ուրեմն ճիշտ ճանապարհի վրա ենք։ Թող մեր զենքը լինի Խաչը, մեր վահանը՝ հավատքը, և մեր հաղթանակը՝ սերն ու միաբանությունը։

Այս օրերին առավել զորացնենք մեր աղոթքը, առավել սրբությամբ մատուցենք Սուրբ Պատարագը, եւ մեր հավատացյալներին փոխանցենք ոչ թե վախ, այլ՝ քաջություն»,–ասվում է գրառման մեջ։

Հոկտեմբերի 15–ին վաղ առավոտից Քննչական կոմիտեն ԱԱԾ-ի ուղեկցությամբ խուզարկություններ է իրականացրել Արագածոտնի թեմի առաջնորդարանում և մի շարք հոգևորականների տներում, որից հետո թեմի տասնյակ հոգևորականներ, այդ թվում թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, թեմի աշխարհիկ աշխատակիցներ, տարվել էին Քննչական կոմիտե։ Դատարանի որոշումներով,Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը կալանավորվել է երկու ամսով, իսկ Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ, Արագածոտնի թեմի դիվանապետ Տեր Գարեգին Արսենյանը՝ մեկ ամսով։ Մյուսներն ունենվկայի կարգավիճակ։

Քննչական կոմիտեն հաղորդել է, որ թեմի առաջնորդի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելու նպատակով պաշտոնեական դիրքի օգտագործում, ինչպես նաև՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունների կիրառմամբ հավաքներին մասնակցելուն հարկադրելու մեղադրանքներով։