AM
17 Հոկտեմբեր 2025 - 09:25 AMT

Մարագոս․ ԵՄ-ն պատրաստ է իր գործիքները ներդնել «Թրամփի ուղի» նախագիծը կյանքի կոչելու համար

Հայաստանում Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսը Սյունիքում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված փաստաթղթերին, ասել է, որ ԵՄ–ն պատրաստ է իր գործիքները ներդնել ոչ միայն «Թրամփի ուղի» նախագծի, այլ նաև ամբողջ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության համատեքստում կապակցվածությունը խթանելու համար, հայտնում է Արմենպրեսը։

«Իրադարձությունները և հանդիպումները, որոնք եղան Վաշինգտոնում օգոստոսի 8-ին, Եվրամիության կողմից ողջունվել են, և մենք այդ օրվանից ի վեր պատրաստակամություն ենք հայտնել աջակցել այդ նախաձեռնություններին և կապակցվածությանը։ Մենք պատրաստ ենք մեր գործիքները ներդնել ոչ միայն «Թրամփի ուղի» նախագծի շրջանակներում, այլ նաև ամբողջ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության համատեքստում, որը ողջունվել է Եվրամիության կողմից դեռ երկու տարի առաջ, երբ Հայաստանի կառավարությունը հայտարարեց դրա մասին»,-ասել է Մարագոսը։

Դեսպանը հավելել է, որ Եվրամիությունը հետևողականորեն աջակցում է խաղաղությանը Հարավային Կովկասում։

«Մենք շատ երջանիկ ենք, որ խաղաղությունը գալիս է։ Շատ մանրամասներ դեռ պետք է պարզաբանվեն, բայց մենք այստեղ ենք՝ որպես Հայաստանի, հայ ժողովրդի և Հայաստանի կառավարության հուսալի գործընկեր, որպեսզի սատարենք ձեզ այս գործընթացում»,- նշել է Մարագոսը։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում հռչակագիր են ստորագրել, որի կետերից մեկով սահմանված է, որ Հայաստանի Հանրապետությունն աշխատելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (կամ TRIPP) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ TRIPP-ը Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության բաղադրիչներից մեկն է։