AM
17 Հոկտեմբեր 2025 - 09:37 AMT

Կասեցվել է «Զավիկի ղարս»-ի ևս 2 մասնաճյուղի արտադրական գործունեությունը

Կասեցվել է «Զավիկի ղարս» սննդի կետի ևս 2 մասնաճյուղի արտադրական գործունեությունը։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնել է, որ տեսուչները ստուգումներ են իրականացրել «Լևոն 888» (Երևան, Շինարարներ 23) և «Արմեն Մելքումյան 4242» ՍՊԸ-ներին (Երևան, Բաբաջանյան 112/5) պատկանող հանրային սննդի կետերում, որոնք գործել են «Զավիկի ղարս» ապրանքանիշի ներքո։

«Ստուգման ընթացքում պարզվել է, որ հանրային սննդի կետերն աշխատել են սանիտարահիգիենիկ բնույթի խախտումներով։ Ի մասնավորի՝ «Լևոն 888» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի կետում հայտնաբերվել են հետևյալ խախտումները՝

– սննդի կետը ապահովված չի եղել բավարար քանակությամբ լվացարաններով,

– պատերը չեն պահվել նորոգ վիճակում,

– սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող մակերևույթները՝ սեղանը, ինչպես նաև սառնարանների դարակաշարերը, գտնվել են ոչ նորոգ վիճակում, չեն ենթարկվել պատշաճ մաքրման և ախտահանման։

«Արմեն Մելքումյան 4242» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի կետում հայտնաբերվել են հետևյալ խախտումները՝

– սննդի կետի պատերը չեն ունեցել հարթ մակերես, խողովակները և հոսանքալարերը քողարկված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող և ոչ թունավոր նյութերով,

– հատակը չի գտնվել նորոգ վիճակում։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի կետերի արտադրական գործունեությունը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը։

Ավելի վաղ կասեցվել էր Սարյանի փողոցում գործող «Զավիկի ղարս» մասնաճյուղի գործունեությունը՝ արտադրանքում հայտնաբերված մանրեաբանական անհամապատասխանությունների հիմքով, սակայն այն շարունակել է գործել՝ պատճառաբանելով, թե որոշումը չի ստացել։