AM
17 Հոկտեմբեր 2025 - 09:47 AMT

ԵՏՀ. ՌԴ–ում հայաստանցի վարորդների մնալու սահմանափակումը կարող է վերացվել

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հայտնել է, որ ԵԱՏՄ անդամ պետություններից՝ Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Բելառուսի քաղաքացիների՝ Ռուսաստանում գտնվելու սահմանափակումները հնարավոր է վերացվեն։ Այս մասին հայտնել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովից, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

ՀՀ որոշ բեռնափոխադրողներ ՌԴ մուտքի արգելք են ստացել թույլատրելի օրերը գերազանցելու համար։

Վարորդները բողոքում են, որ սահմանված 90 օրը բավարար չէ՝ հաշվի առնելով հերթերն ու սպասումները սահմանային անցակետերում, ինչպիսիք են Վլադիկավկազը կամ Վերին Լարսը, որտեղ նրանք ստիպված են լինում երկար ժամանակ անցկացնել։

ԵՏՀ-ից վստահեցրել են, որ այս հարցը գտնվում է իրենց առաջնահերթությունների շարքում, և ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր՝ ի շահ վարորդների և փոխադրող ընկերությունների։ Հանձնաժողովը համագործակցում է ԵԱՏՄ անդամ երկրների իրավասու մարմինների հետ՝ գործը երկու ուղղությամբ առաջ տանելու համար։

«Առաջին թիվ 115 դաշնային օրենքի իրագործման շրջանակում վարչարարական միջոցառումների ենթարկված միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացի վարորդների նկատմամբ բոլոր սահմանափակումների չեղարկման հարցի արագ լուծումը։ Երկրորդ առաջացած խնդրի համակարգված լուծում, այն է ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացի հանդիսացող և միջազգային ավտոմոբիլային փոխադրումներ իրականացնող վարորդների վրա չտարածել թիվ 115 օրենքի նոր նորմերը, որոնք կարգավորում են ՌԴ տարածքում ժամանակավոր գտնվելու ժամկետները», – ասվում է հաղորդագրության մեջ։

Այս հարցի շուրջ արդեն ձևավորվել է օպերատիվ շտաբ, որում ընդգրկված են ինչպես ԵՏՀ-ի, այնպես էլ ԵԱՏՄ անդամ պետությունների իրավասու մարմինների և գործարար համայնքի ներկայացուցիչները։ Շտաբը տվյալներ է հավաքում միգրացիոն ընթացակարգերի խախտման դեպքերի մասին և ուղարկում դրանք ՌԴ համապատասխան մարմիններին՝ արագ արձագանքի նպատակով։

«Բազմակողմ ակտիվ համագործակցության շնորհիվ հաջողվել է առանձին վարորդների դեպքում մի շարք հարցեր լուծել օպերատիվ կարգով», – նշվում է ԵՏՀ հաղորդագրության մեջ։

Հանձնաժողովից նաև ընդգծել են, որ շարունակում են իրավիճակի մշտադիտարկումը ԵԱՏՄ ներքին շուկայում՝ առկա խնդիրները համակարգված լուծելու և փոխադարձ ազատ շարժի սկզբունքը պահպանելու համար։

2024 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած նոր կանոնակարգով՝ ՌԴ ոչ վիզային ռեժիմ ունեցող երկրների քաղաքացիները, որոնք մուտք են գործում ոչ աշխատանքային նպատակով, կարող են մնալ ՌԴ տարածքում օրացույցային տարվա ընթացքում առավելագույնը 90 օր։ Նախկինում թույլատրվում էր մնալ 180 օրվա ընթացքում 90 օր։ Այս սահմանափակումը անդրադարձել է նաև բեռնափոխադրումներ իրականացնող հայ վարորդների վրա, որոնցից մի քանիսն արդեն ստացել են մուտքի արգելք՝ ժամկետները գերազանցելու համար։