Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ալեքսանդրա Քոուլը հայտարարել է, որ Հայաստանն աշխարհագրական տեսանկյունից զբաղեցնում է կարևոր դիրք, և այդ ներուժը կիրառելով՝ կարող է դառնալ Եվրոպայի ու Ասիայի միջև տնտեսական կամուրջ։ Նա այդ մասին ասել է Հայաստանի ներդրումային խորհրդի կազմակերպած «Միջազգային առևտրի և ներդրումների ֆորումի» ընթացքում։
Նա հավելել է, որ ՀՀ–ն դառնում է դինամիկ և գրավիչ վայր միջազգային բիզնեսի համար։
Միջոցառումը կազմակերպվել է Հայաստանի ներդրումային խորհրդի կողմից՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և «Ներդրումների աջակցման կենտրոնի» համատեղ ջանքերով՝ «Լավ կառավարման հիմնադրամի» աջակցությամբ։ Իր խոսքում դեսպան Քոուլը նախ շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին, հայտնում է Արմենպրեսը։
«Հայաստանը գտնվում է ուշագրավ փոխակերպման մեջ։ Մենք տեսնում ենք բարեփոխումների վրա հիմնված օրակարգ։ Կարծում եմ, որ Հայաստանը և հայերը միշտ ունեցել են ձեռնարկատիրական ոգի, բայց հիմա ես իսկապես կարող եմ զգալ, թե ինչպես է այդ ոգին կենդանանում նոր ձևով։ Հայաստանը գտնվում է ռազմավարական դիրքում և օգտագործելով այդ դիրքը՝ կարող է լինել Եվրոպայի և Ասիայի միջև խաչմերուկի մի մասը, ուստի այն արագորեն դառնում է դինամիկ և գրավիչ վայր միջազգային բիզնեսի համար»,-ընդգծեց դեսպան Ալեքսանդրա Քոուլը։
Նա նաև նշել է, որ Միացյալ Թագավորությունը երկար տարիներ համագործակցել է Հայաստանի հետ ու շարունակում է աջակցել ավելի մրցունակ և կայուն տնտեսական միջավայրի ձևավորմանը։
«Մենք աջակցում ենք այս երկրում ավելի մրցունակ և կենսունակ բիզնես միջավայրի ստեղծմանը։ Այսօրվա հավաքը ավելին է, քան պարզապես ֆորում։ Այն իրականում գործողությունների հարթակ է։ Հուսով ենք, որ այն միավորում է բիզնես առաջնորդներին, քաղաքականության մշակողներին, ներդրողներին Հայաստանից և արտասահմանից՝ հնարավորություններ տալով ուսումնասիրելու և գործընկերություններ հաստատելու, ամբողջ տարածաշրջանում առևտրի և ներդրումների ապագան ձևավորելու համար։ Մենք ցանկանում ենք տեսնել ավելի շատ գործողություններ այն ոլորտներում, որտեղ նորարարությունը, ձեռներեցությունը և միջազգային համագործակցությունը կարող են ծաղկել, որովհետև երբ մենք ներդրումներ ենք կատարում Հայաստանում, մենք ներդրումներ ենք կատարում դիմադրողականության, նորարարության և համատեղ բարգավաճման ապագայում»,-նշե; է դեսպան Ալեքսանդրա Քոուլը։






