Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը Կամպալայում կայացած Չմիավորման շարժման 19-րդ նախարարական հանդիպմանը հայտարարել է, որ ՀՀ–ն հանձնառու է Հարավային Կովկասում խաղաղության պահպանմանը։
Նա նշել է նաև, որ տրանսպորտային կապուղիների ամբողջական ապաշրջափակումը կբացահայտի տարածաշրջանի լայնածավալ տարանցիկ և առևտրային ներուժը։
Փոխնախարարը հավելել է, որ ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում, երբ խաթարվել է բազմակողմ համագործակցությունը է, նվազել է պետությունների միջև փոխվստահությունը, իսկ միջազգային իրավունքը բախվում է մարտահրավերների, Հայաստանը հավատացած է, որ միջազգային հարթակները պետք է միավորեն ջանքերը համարժեք և ժամանակին արձագանք ապահովելու համար:
«Մենք պետք է վճռական լինենք` մեժելու ուժի կիրառումը և ցանկացած գործողություն, որը կխախտի պետությունների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։
Կամպալայի հռչակագրի և, ընդհանուր առմամբ, Չմիավորման շարժման օրակարգի առանցքային թեմաներից է Պաղեստինի հարցը։ Այս համատեքստում Հայաստանը շարունակաբար ընդգծել է, որ Պաղեստինի և Իսրայելի ժողովուրդների համար հարատև կայունություն, անվտանգություն, խաղաղություն և բարեկեցություն կարող է երաշխավորվել միայն երկու անկախ հարևան պետությունների գոյությամբ, որտեղ բոլորը կօգտվեն խաղաղ համակեցության առավելություններից: Առաջնորդվելով այս գաղափարով և լինելով երկու պետություն սկզբունքի վաղեմի աջակից՝ Հայաստանը 2024 թ. հունիսին ճանաչել է Պաղեստինի Պետությունը, իսկ այնուհետև՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակներում, հաստատել է դիվանագիտական հարաբերություններ: Հայաստանն ակտիվորեն մասնակցել է Ֆրանսիայի և Սաուդյան Արաբիայի համանախագահությամբ կազմակերպված Պաղեստինի հարցի խաղաղ կարգավորման և երկու պետություն սկզբունքի իրագործման հարցով միջազգային բարձրաստիճան համաժողովին և սատարել դրա եզրափակիչ փաստաթուղթը՝ Նյու Յորքի հռչակագիրը: Մենք ողջունում ենք Գազայում հրադադարի վերաբերյալ համաձայնությունը՝ ուղղված մարդասիրական օգնության անխափան մատակարարման ապահովմանը և պատանդների ազատ արձակմանը: Եվ որ ամենակարևորն է` բանակցությունները պետք է շարունակեն լինել միակ գործնական ուղին՝ Մերձավոր Արևելքում երկու պետություն սկզբունքի հիման վրա արժանապատիվ և հարատև խաղաղության հասնելու համար:
Հայաստանը լիովին հանձնառու է Հարավային Կովկասում խաղաղության, կայունության պահպանմանը և բարգավաճմանը։ Այս տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած եռակողմ հանդիպման արդյունքներով նախաստորագրվել է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը, ինչպես նաև ստորագրվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Միացյալ Նահանգների նախագահի` որպես վկա, համատեղ Հռչակագիրը։ Այն նշանավորում է մեր տարածաշրջանում խաղաղության հաստատումը՝ նոր հնարավորություններ բացելով քաղաքական երկխոսության, առևտրի և ներդրումների համար, այդ թվում՝ Չմիավորման շարժման անդամ պետությունների հետ։
Մենք համոզված ենք, որ տրանսպորտային կապուղիների ամբողջական ապաշրջափակումը կբացահայտի տարածաշրջանի լայնածավալ տարանցիկ և առևտրային ներուժը։ Ավելին, «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության և դրա բաղադրիչ մաս հանդիսացող TRIPP նախագծի իրագործումը խթան կհանդիսանա տնտեսական աճի, երկխոսության և մարդկանց միջև շփումների համար՝ նպաստելով ավելի լայն կայունությանը և բարգավաճմանը։ Այս նախաձեռնություններն արտացոլում են Հայաստանի տեսլականը՝ փոխակերպելու մեր տարածաշրջանը մշակույթների և շուկաների կամրջի՝ հիմնված խաղաղության և համագործակցության վրա։ Մենք ակնկալում ենք Չմիավորման շարժման աջակցությունը «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը և TRIPP նախագծին։
Եվ վերջապես, 2026 թ. հոկտեմբերին Հայաստանը հյուրընկալելու է Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17): Երկու շաբաթ շարունակ Հայաստանի մայրաքաղաքը Երևանը, կվերածվի գլոբալ բնապահպանական բանակցությունների կենտրոնի, այդ թվում այնպիսի անկյունաքարային թեմաների շուրջ, ինչպիսիք են Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի վերանայումը, ռեսուրսների մոբիլիզացումը, ինչպես նաև կլիմայի փոփոխության և կենսաբազմազանության պահպանության փոխկապակցվածությունը։ Հայաստանյան նախագահությունը ջանք չի խնայի ապահովելու COP17-ի իրապես ներառական և բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավմամբ անցկացումը՝ համախմբելով կառավարություններին, միջազգային կազմակերպություններին, բնիկ ժողովուրդներին և տեղական համայնքներին, քաղաքացիական հասարակությանը և մասնավոր հատվածին՝ նպատակ ունենալով ձևավորել կենսաբազմազանության պահպանության ուղղությամբ արդյունավետ և նպատակահեն գործողություններ»,–ասել է փոխնախարարը։
Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:
Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։






