AM
17 Հոկտեմբեր 2025 - 14:07 AMT

Երևանի քաղաքապետարանը ապամոնտաժել է Սարյանի պուրակի սրճարանը

Հոկտեմբերի 17–ի վաղ առավոտյան Երևանի քաղաքապետարանի Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, ինչպես նաև Հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցները՝ առանց նախապես զգուշացնելու սեփականատիրոջը, սկսել են ապամոնտաժել Սարյանի պուրակում գործող «Կոլորիտ» ՍՊԸ-ին պատկանող սրճարանը, որը գործել է 1996 թվականից։

Սրճարանի սեփականատեր Նարինե Վարդանյանը նշել է, որ քանդման պահին սրճարանի հարցը գտնվել է դատական ընթացակարգում, և համապատասխան տեղեկացում ստացած չեն եղել, հայտնում է Panorama.am-ը։

«Բայց կարելի էր զգուշացնել չէ՞, սա վանդալիզմ է։ Դուրս է գալիս որ այս երկրում օրինականություն չկա, ինչ որոշում են, իրենք այդպես էլ անում են»,-ասել է Վարդանյանը։

Երևանի քաղաքապետարանից ստացված պարզաբանման մեջ ասվում է, որ «Սարյանի պուրակի այդ շինությունները ժամանակին կառուցվել են համայնքին պատկանող հողի վրա։ Ավելին՝ կառուցվել են առանց շինթույլտվության և հիմա Երևան համայնքն իր հողը՝ այգու տարածքը վերադրաձնում է իրեն»։

Քաղաքապետարան այդ հատվածում պետք է կանաչապատում իրականացնի։

Այն հարցին, որ դատական գործընթաց էր գնում և արդյո՞ք կարելի էր առանց դատական վճռի քանդել սրճարանը՝ քաղաքապետարանից հայտնել են, որ քաղաքապետարանի որոշման մեջ հիմքերը ներկայացված են։

Քաղաքապետարանից նաև հայտնեցին, որ սեփականատերը դիմել էր վարձակալության իրավունքը երկարացնելու համար, սակայն մերժվել՝ համայնքապատկան հողի վրա ապօրինի շինություն կառուցելու հիմքով, ինչը ենթադրում է, որ սրճարանը պետք է տեղափոխվեր, իսկ օրենքով այդ գործողության մասին ծանուցումը պարտադիր չէ։

Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում: