AM
17 Հոկտեմբեր 2025 - 14:26 AMT

Խաչատուրյանը կարևորել է «Խաղաղության խաչմերուկի» համար գիտական ու վերլուծական հաշվարկները

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ) «Հայաստանի տրանսպորտային լոգիստիկայի համայնապատկերը» խորագրով կլոր սեղան-քննարկմանը, որի կենտրոնում է եղել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության զարգացումը և դրա հիմնարար պայմանները։

Նա հայտարարել է, որ նախաձեռնության իրականացումը պահանջում է ինստիտուցիոնալ կարողությունների ձևավորում, գիտական վերլուծություններ և ճշգրիտ հաշվարկներ, հայտնում է Արմենպրեսը։

Քննարկման օրակարգը նվիրված է եղել Հայաստանի լոգիստիկ համակարգի ներկա խնդիրներին, զարգացման ներուժին և տրանսպորտային ենթակառուցվածքների կատարելագործման ուղիներին։

Բացման խոսքում նախագահ Վահագն Խաչատուրյանը նշել է, որ միջոցառումն անցկացվում է ռազմավարական կարևորություն ունեցող ժամանակահատվածում։

«Այսօր ամենաքննարկվող թեմաներից մեկն է Հայաստանի Հանրապետության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը։ Այդ գաղափարը մենք ներկայացրել ենք երկու տարի առաջ, և սկզբում այն ընդունվեց բավականին թերահավատորեն։ Սակայն այս ընթացքում Կառավարությունը, Արտաքին գործերի նախարարությունը և մեր պաշտոնյաները հետևողականորեն այն ներկայացրել են տարբեր միջազգային հարթակներում։ Օգոստոսի 8-ից հետո արդեն գործ ունենք նոր իրողության հետ․ գաղափարը վերածվել է Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ստորագրված հուշագրի։

Այս գաղափարը կյանքի կոչելու համար անհրաժեշտ է ստեղծել կառույցներ, որոնք կգնահատեն մեր բոլոր ռեսուրսներն ու հնարավորությունները։ Որպեսզի Հայաստանը դառնա խաղաղության, տնտեսական և տրանսպորտային խաչմերուկ, պետք է գիտականորեն հիմնավորված փաստաթղթեր ու հաշվարկներ ունենանք։ Քաղաքական որոշումները կարող են կայացվել միայն այն դեպքում, երբ դրանց հիմքում կա մասնագիտական և գիտական փաստարկվածություն»,- նշել է Վահագն Խաչատուրյանը։

Նա նաև կոչ է արել գիտական համայնքին՝ հանդես գալ կոնկրետ և չափելի առաջարկներով։

«Կցանկանայի, որ «Ամբերդ» հետազոտական կենտրոնը և մյուս կառույցները կոնկրետ արդյունքներ ներկայացնեն՝ թվային տվյալներով, մոդելներով և կանխատեսումներով։ Դա կօգնի կառավարությանը և միջազգային գործընկերների հետ բանակցող պաշտոնյաներին ավելի հստակ դիրքորոշումներ ներկայացնել»,- ընդգծել է նախագահը։

ՀՊՏՀ ռեկտոր Արմեն Գրիգորյանն իր խոսքում նշել է, որ անկախությունից ի վեր Հայաստանը շարունակաբար բախվել է տարածաշրջանային մեկուսացման մարտահրավերներին։

«Մեր տնտեսական հնարավորությունների սահմանափակման հիմնական գործոններից մեկը եղել է տրանսպորտային մեկուսացումը։ Մենք շնորհակալ ենք Անվտանգության խորհրդի քարտուղարությանը, որ պատվիրակեց նմանատիպ հետազոտություն «Ամբերդ» կենտրոնին։ Այսօր կներկայացնենք դրա նախնական արդյունքները՝ նպատակ ունենալով ձևավորել լոգիստիկ համակարգի բարելավման կոնկրետ ուղիներ»,- ասել է նա։

Քննարկման ընթացքում «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետները ներկայացրել են երեք զեկույց, որոնք վերաբերել են Հայաստանի լոգիստիկ համակարգի վերլուծությանը, տնտեսամաթեմատիկական գնահատումներին և զարգացման հնարավոր ուղիների հիմնավորմանը։

Հանդիպման ավարտին կայացել է հարցուպատասխան, որի ընթացքում մասնակիցներն իրենց կարծիքներն ու առաջարկներն են ներկայացրել։ Քննարկումն ամփոփել է ՀՊՏՀ ռեկտոր Արմեն Գրիգորյանը։

Կառավարությունը մշակել և ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի առանցքում Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի միջև կոմունիկացիաների զարգացումն է՝ ճանապարհներ, երկաթուղիներ, խողովակաշարեր, մալուխներ, էլեկտրահաղորդման գծեր նորոգելու, կառուցելու, գործարկելու միջոցով: Բոլոր ենթակառուցվածքները, ներառյալ ճանապարհները, երկաթուղիները, օդային ուղիները, խողովակաշարերը, մալուխները և էլեկտրահաղորդման գծերը գործելու են այն երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո, որոնցով անցնում են։