AM
18 Հոկտեմբեր 2025 - 06:45 AMT

Թաթոյան. Ինչպե՞ս կարող է եկեղեցականներին վերաբերող գաղտնալսումը հայտնվել իշխանական լրատվամիջոցներում

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Վեհափառ Հայրապետին վերաբերող քրեական վարույթ նախաձեռնելը կամ նրա դեմ հետապնդում հարուցելը «քաղաքական նպատակով իշխանությունների գծած սցենարի մաս է»։

Նա նշել է, որ վարչապետը չունի օպերատիվ-հետախուզական, քննչական կամ իրավապահ այլ մարմիններից, դատարաններից մարդկանց մասնավոր կյանքի, գաղտնալսումների վերաբերյալ տեղեկություններ ստանալու իրավունք։

«Ինչպե՞ս կարող է եկեղեցականներին վերաբերող տարիներ առաջվա դեպքերի վերաբերող գաղտնալսումը հայտնվել իշխանական լրատվամիջոցներում։ Սա առաջին հարցն է, որ պետք է առաջանա յուրաքանչյուրիս մոտ։

Այսինքն մենք ունենք իշխանություններ, որոնք իրավապահ մարմիններին օգտագործում են նեղ քաղաքական շահերի համա՞ր կամ հենց իրե՞նք են ապօրինի այլ եղանակներով անում գաղտնալսումներ ու դրանք պահում անգամ տարիներով, որպեսզի իրենց հարմար պահի դրանք օգտագործեն քաղաքական նպատակներով։ Ստացվում է հենց այդպես էլ կա:

Ինչո՞ւ այնպես ստացվեց, որ հենց իշխանական լրատվամիջոցները (ՔՊ կուսակցության պաշտոնաթերթը, Վարչապետի ընտանիքին և ըստ հրապարակային մի շարք աղբյուրների՝ Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալին պատկանող լրատվամիջոցները) տարածեցին ձայնագրությունները, ինչու՞ են գեներացնում հանրային հետաքրքրություն վարկաբեկող նյութերով ու դրանից հետո «շատ պատահաբար հայտնվում» են իրավապահ մարմիններն ու իշխանական պրոպագանդայի մաս կազմող ԶԼՄ-ի հրապարակումները վերցնում են ուսումնասիրության։

Եւս մեկ անգամ հստակ պետք է նշել՝ Վարչապետը չունի օպերատիվ-հետախուզական, քննչական կամ իրավապահ այլ մարմիններից, դատարաններից մարդկանց մասնավոր կյանքի, գաղտնալսումների վերաբերյալ տեղեկություններ ստանալու իրավունք, նրան այդ տվյալները հասանելի չեն: Ավելին, այդ տվյալների գաղտնիությունը պաշտպանված է հենց նրանից:

Վարչապետին իրավունք չունեն փոխանցելու օպերատիվ հետախուզական, այդ թվում՝ ձայնագրությունների վերաբերյալ նյութեր։

Սրանք ՀՀ-ում գործող օրենքի, Սահմանադրության ու միջազգային ուղիղ պահանջներ են, ոչ թե իմ կարծիքը և դրա նպատակը քրեական հետապնդման ու օպերատիվ-հետախուզական գործունեությունը քաղաքական որևէ ու հատկապես Վարչապետի ազդեցությունից պաշտպանելն է ՝ անկախ նրանից, որ [անթույլատրելի կերպով] նրա կողմից են նշանակվում։

Հատկանշական է, որ այս տեղեկությունների տարածմանը զուգահեռ, ՔՊ պատգամավորներն ու իշխանության համախոհները ինտենսիվորեն լծվել են Եկեղեցին արատավորող հրապարակումների տարածմանը՝ փորձելով ստեղծել տպավորություն, թե գործում են օրենքի շրջանակում։

Մեր բազում խնդիրները լուծելու փոխարեն, հսկայական ռեսուրսներ, իրավապահ մարմինների մեծաքանակ ջանքեր ուղղվում են պետությունը թուլացնող, մեր ազգային դիմադրողականությունը քայքայող ապօրինի արարքների վրա, որոնք վրեժխնդրություն են ու նեղ քաղաքական շահերի նպատակ ունեն` նախևառաջ պայմանավորված ադրբեջանական պահանջներով: Սա նվեր է ադրբեջանական իշխանությանը` զավթողական ծրագրերի համար: Իշխանության գործելաոճը վարկաբեկում է հայ ազգին աշխարհում, վիրավորում է մեր արժեքները»,–ասվում է գրառման մեջ։

Թաթոյանը հավելել է, որ այս արատավոր իրավիճակից ոչ մեկ շահած դուրս չի գալու։

«Ակնհայտ է, որ իշխանությունների գործելաոճը բացարձակ նպատակ չունի երկրում հաստատել իրավունքի գերակայություն կամ առհասարակ պայքարել արատավոր երևույթների դեմ. սա ընդամենը հերթական հարվածն է մեր երկրի միջազգային իմիջին, ժողովրդավարությանը և մեր ազգային արժեքներին։ Այս գործելաոճը կոպիտ ոտնահարում է կրոնի և խղճի ազատությունը:

Եթե մեր Եկեղեցու ներսում խնդիրներ էլ կան, ապա դրանք չպետք է լուծվեն նման տարբերակով՝ հասարակությունը կրկին տանելով բաժանման ու ատելության խորացման ճանապարհով։ Կառավարության ղեկավարն ու ՔՊ խմբակցության պատգամավորները, այլ պաշտոնյաները հարցերը նման կերպ լուծելու իրավասություն չունեն։

Եվ վերջում` որպեսզի որևէ մեկը չշահարկի, հատուկ արձանագրում ենք, որ առհասարակ մեզ համար որևէ խախտում ընդունելի չէ, ու բարձրացվող հարցը եկեղեցու բուն ներսի հարց չէ: Պարզապես այնպես են անում, որ որևէ մեկն իշխանության անօրինականությունները չբարձրաձայնի. եթե բարձրաձայնվի, միանգամից այդ մարդուն կդարձնեն խախտումները խրախուսող ու քարոզչական հնարքներով կփակեն իրենց անօրինական պահվածքի հարցը»,–ասվում է գրառման մեջ։

Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին ու նախկին քահանա, կաթողիկոսի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանին վերագրվող և համացանցում տարածված ձայնագրության վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ։