ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ «Արաքս» մասնաճյուղի Մասիսի էլեկտրական ցանցում արձանագրվել է ավելի քան 830 հազար կՎտ/ժ էլեկտրաէներգիայի թերգրանցում, որը արևային կայանների կողմից մատակարարված էլէներգիան չի արտացոլել հաշվարկներում։
«Այս դեպքում թերգրանցումներն առնչվում են մոտ 435 սպառող սուբյեկտների (ֆիզիկական եւ իրավաբանական անձինք), ում ՀԷՑ-ի կողմից դարձյալ պետք է մարվի այս անգամ արդեն ձեւավորված 830,055 կՎտ.ժ կուտակումը, ինչը կրկին անխուսափելիորեն Ընկերությանը պատճառելու է առանձնապես խոշոր չափերի վնասներ։
Արձանագրված նոր փաստերի առթիվ իմ կողմից պատշաճ հաղորդում կներկայացվի Գլխավոր դատախազություն, ինչպես նաև համապատասխան գրություն կհասցեագրվի ՀԾԿՀ նախագահին, սակայն ինձ մեծապես մտահոգում է այն հանգամանքը և ողջամիտ կասկած ունեմ առ այն, որ այս և նմանատիպ մեքենայություններն ու առերեւույթ իրավախախտումներն ակնհայտորեն կարծես թե համակարգային բնույթ են կրել ժամանակին և դրանք ուղղակիորեն առնչվում են ոչ միայն Ընկերության կոմերցիոն շահին, այլ նաև փորձ է արվել «վնասել» հազարավոր մեր քաղաքացիների օրինական շահերին։
Ենթադրաբար, այս թերգրանցումներով ոմանք նպատակ են ունեցել՝ մի կողմից արհեստականորեն «նվազեցնելու» բաշխիչ ցանցում առկա իրական կորուստների ցուցանիշը, և մյուս կողմից՝ գուցե այդ կերպ «կուտակած» ահռելի քանակի էլեկտրաէներգիան «մոնետիզացնելու» այլ եղանակներ կան, որոնք դեռ պետք է փորձենք բացահայտել։
Վստահ եմ՝ ՀԷՑ-ում բացահայտված այս և նմանատիպ մյուս առերևույթ իրավախախտումների պատշաճ գնահատականները կտրվեն նախաքննական մարմինների կողմից, իսկ մեր քաղաքացիների շահերի վերականգնման եւ կրած վնասների փոխհատուցման գործընթացներն անշեղորեն իրականացվում է մեր կողմից՝ Օրենքով սահմանված դեպքերում և համապատասխան կարգով։
Հ.Գ. ՀԷՑ-ի ստորաբաժանումներում իրականացվող համալիր ստուգումների ու վերահսկողական գործառույթների մասշտաբներն ընդլայնվել են եւ առաջիկայում հանդես կգանք լրացուցիչ պարզաբանումներով»,–ասվում է գրառման մեջ։






