AM
20 Հոկտեմբեր 2025 - 06:42 AMT

Փաշինյանը Վատիկանում Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս-Պատրիարքի հետ քննարկել է ՀՀ ներքին քաղաքականության հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սուրբ Աթոռ (Վատիկան) կատարած աշխատանքային այցի ընթացքում Հռոմի Սուրբ Նիկողայոս Հայ Կաթողիկե եկեղեցուն կից Լևոնյան վարժարանում հանդիպել է Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս-Պատրիարք Ամենապատիվ և Գերերջանիկ Տեր Տեր Ռաֆայել Պետրոս ԻԱ (21-րդ) Մինասյանի և վարժարանի սաների հետ։

Հանդիպման ընթացքում հարցուպատասխանի ձևաչափով քննարկվել են Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության հարցեր, առկա հիմնախնդիրները, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացը, տարածաշրջանային զարգացումները, ինչպես նաև առկա մարտահրավերների հաղթահարմանն ուղղված քայլերը։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև քրիստոնեական արժեքների տարածման և պահպանության ուղղությամբ իրականացվող աշխատանքների, ինչպես նաև այլ հոգևոր և հասարակական թեմաների շուրջ։

Հանդիպման ավարտին Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս-Պատրիարք Ամենապատիվ և Գերերջանիկ Տ.Տ. Ռաֆայել Պետրոս ԻԱ (21-րդ) Մինասյանը վարչապետ Փաշինյանին է նվիրել Սուրբ Իգնատիոս Մալոյանի շուրջառից մասունք՝ եկեղեցական զգեստ, որը օգտագործվում է Պատարագի ժամանակ և պահվում է Զմմառի (Լիբանան) վանքի թանգարանում։

Կաթողիկոս-Պատրիարքը վարչապետին է հանձնել նաև հուշամեդալ՝ պատրաստված ի հիշատակ հոկտեմբերի 19-ին Վատիկանում տեղի ունեցած սրբադասման արարողության։

Վատիկանում, Սուրբ Պետրոսի հրապարակում, տեղի է ունեցել Արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի և ևս վեց Երանելիների սրբադասման արարողությունը, որը հանդիսապետել է Նորին Սրբություն Լևոն XIV-րդ Պապը։ Արարողությանը ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Սրբադասման արարողության ընթացքում ի պատիվ Արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի հնչել է նաև հայերեն աղոթք։