AM
20 Հոկտեմբեր 2025 - 07:07 AMT

Գյումրու քաղաքապետարանը խուզարկում են․ Ղուկասյանին մեկուսացրել են

Գյումրու քաղաքապետարանում իրականացվում են քննչական միջոցառումներ՝ քրեական վարույթի շրջանակում։ Այդ մասին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից, տեղեկացնում է Aysor.am-ը։

Հարցին՝ արդյոք կան ձերբակալվածներ, Կոմիտեից նշել են, որ համապատասխան հաղորդագրություն կտարածվի ավելի ուշ։

Քաղաքապետ Վարդան Ղուկասյանի խորհրդական Լիլիթ Աղեկյանն ասել է, որ նրան մեկուսացրել են իր սենյակում, հայտնում է Factor.am-ը։

«Եկել մտել են քաղաքապետարան, քաղաքապետին մեկուսացրել են իր սենյակում, խուզարկություն են իրականացնում, փորձում են փաստաթղթեր տանել։ Ժողովրդի կեսը ներսում է, կեսը` դրսում, քաղաքապետարանի աշխատանքը պարալիզացված է»,- ասել է նա։

Ավելի վաղ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի և նրա որդու Սպարտակ Ղուկասյանի շահերը պաշտպանող փաստաբան Արամայիս Հայրապետյանը Շիրակի մարզային քննչական բաժին հաղորդում էր ներկայացել` պահանջելով քննություն սկսել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ազգային ժողովի ամբիոնից Ղուկասյանի հասցեին հնչեցրած արտահայտության վերաբերյալ, թե «նրան դուրս պետք է շպրտել հանրային կյանքից»։

Հոկտեմբերի 1–ին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ «ՀՀ ինքնիշխանության դեմ հայտարարություններ անողներին մենք պետք է դուրս շպրտենք քաղաքական ու հանրային դաշտից»։