«Հյուսիս-հարավ» նախագծի շրջանակում Սյունիքի մարզում իրականացվող ճանապարհաշինության և թունելների կառուցման շնորհիվ Հայաստանը նածատեսում է զգալիորեն՝ մոտ 3 ժամով․ կրճատել դեպի Իրանի սահման տանող ճանապարհի տևողությունը: Այդ մասին Ճանապարհային դեպարտամենտի փոխտնօրեն Կարեն Բադալյանն ասել է «Ղազախստան-Թուրքմենստան-Իրան-Հայաստան» լոգիստիկ երթուղուն նվիրված կլոր սեղանի քննարկման ժամանակ։
Նա նշել է, որ նախագծի չորրորդ հատվածն իրականացվում է Սյունիքի մարզում և բաժանված է երեք լոտի, հայտնում է Sputnik Արմենիան։
Ագարակից մինչև Քաջարան կառուցվելու է մոտ 32 կմ ճանապարհ, որը ներառելու է 5 հանգույց, 2 նոր թունել և 15 կամուրջ։ Այդ շինարարական հատվածի ավարտը նախատեսվում է մինչև 2027 թվականը։
Երկրորդ լոտը ներառում է Քաջարանի մոտ կառուցվելիք 7.2 կմ երկարությամբ թունելը և դրան հարող 4 կմ ճանապարհը։ Այդ ենթակառուցվածքը էականորեն կնվազեցնի Մեղրիի լեռնանցքի ծանրաբեռնվածությունը՝ որը գտնվում է ծովի մակարդակից 2535 մ բարձրության վրա։ Սա կբարձրացնի երթևեկության անվտանգությունը և կդարձնի ճանապարհն ավելի հասանելի՝ անկախ եղանակային պայմաններից։
«Ադրյունքում այժմ օգտագործվող ոլորաններով ճանապարհի երկարությունը կկրճատվի 14 կմ–ով, իսկ տրանսպորտային միջոցների միջին արագությունը 50 կմ/ժ-ից կաճի մինչև 80 կմ/ժ։ Ճանապարհին ծախսվող ժամանակը կկրճատվի 40 րոպեով»,– բացատրել է Բադալյանը։
Երրորդ լոտի համաձայն՝ նախատեսվում է կառուցել Քաջարանից Սիսիան տանող 60 կմ երկարությամբ մայրուղի, որը կներառի Բարգուշատի թունելը (8.6 կմ), 27 կամուրջ՝ 4.7 կմ ընդհանուր երկարությամբ, և 9 թունել՝ 12.5 կմ ընդհանուր երկարությամբ։ Աշխատանքների ավարտից հետո Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածը կկրճատվի 54 կմ–ով, իսկ երթևեկության միջին արագությունը կբարձրանա 50 կմ/ժ-ից մինչև 100 կմ/ժ, ինչի արդյունքում այս հատվածը անցնելու ժամանակը կնվազի 1.5-ից 2 ժամով։
Այս հատվածի շինարարությունը կսկսվի 2026 թվականին, իսկ ամբողջական ավարտը նախատեսվում է վեց տարվա ընթացքում։






