Քննչական կոմիտեից հայտնել են, որ հոկտեմբերի 20–ին Գյումրու համայնքապետարանի շենքի մոտ տեղի ունեցած միջադեպերի հետևանքով ձերբակալվել է 33 քաղաքացի, գրում է Sputnik Արմենիան։
«Զանգվածային անկարգություններին մասնակցելու, արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 33 անձ ձերբակալվել է»,- ասել են ՔԿ-ից։
Հոկտեմբերի 20-ին իրավապահները ներխուժել են Գյումրու քաղաքապետարանի շենք՝ նպատակ ունենալով բերման ենթարկել համայնքապետ Վարդան Ղուկասյանին։ Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդել է, որ այս գործընթացի ընթացքում 8 քաղաքացի ձերբակալվել է՝ մի խումբ պաշտոնյաների կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու և այդ պաշտոնյաներին կաշառք առաջարկելու մեղադրանքով։
Ժամեր անց համայնքապետ Վարդան Ղուկասյանը ինքնուրույն լքել է շենքն ու մոտեցել ոստիկանության ավտոմեքենային, ինչի արդյունքում ոստիկանների և նրա կողմնակիցների միջև բախում է սկսվել։ Այս ընթացքում ուժայինները բերման են ենթարկել ևս 23 անձի։
Քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական վարույթ՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու և արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով։






